Բավրա անցակետը հատելիս երկու օտարերկրյա քաղաքացի մեկուսացվել է՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Ընդհանուր առմամբ՝ Շիրակի մարզում վիճակը կայուն է, մտահոգության լուրջ օջախներ չկան: Այս մասին Շիրակի մարզպետը հայտնեց լրագրողներին: «Նույնիսկ այն մարդկանց քանակն է նվազել, ովքեր այս ընթացքում մեր ուշադրության կենտրոնում են եղել՝ խոսքը ռիսկային երկրներից վերադարձած քաղաքացիների մասին է: Մենք հիմա, ելնելով հանրապետությունում առկա ռիսկերից, կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում»,-նշեց մարզպետը՝ տեղեկացնելով, որ ոլորտային մասնագետների հետ ունեցած քննարկման արդյունքում արդեն մշակվել է գործողությունների պլան:
Մարզպետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի մի շարք պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումներն ու քայլերը։ «Մեզ համար շատ կարևոր է ամեն ինչ անել կանխարգելիչ աշխատանքներում բացթողումներ չունենալու համար, պետք է համագործակցեն բոլոր պատասխանատու կազմակերպությունները, կարևոր է հստակեցնել անհրաժեշտ տեղեկատվությունը, լինել պատրաստ, օպերատիվ՝ աշխատանքներում»,-նշեց մարզպետը։
Անդրադառնալով վերջին օրերին ուշադրության կենտրոնում հայտնված դեպքերին ՝ այդ թվում մանկահասակ երեխայի առողջական վիճակի հետ կապված, մարզպետը վստահեցրեց, որ թեստավորման արդյունքները եղել են բացասական: Խոսելով անհրաժեշտության դեպքում մարզում արագ արձագանքման շտաբեր ստեղծելու մասին, Տիգրան Պետրոսյանը նշեց, որ կան հստակ ձևաչափեր: Մարզպետը նաև վստահեցրեց, որ, անհրաժեշտության դեպքում, գործողությունները կբաշխվեն ինչպես առողջապահական առաջնային օղակների, այնպես էլ հիվանդանոցների միջև, իսկ շաբաթ կիրակի օրերին պոլիկլինիկաներում կսահմանվեն հերթապահություններ:
Շիրակի մարզում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ ախտահանիչ միջոցառումներ են իրականցվել Շիրակի մարզի ներմարզային և համայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում։
Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։
Խոսելով Մարալիկում ժամանակավոր բնակություն հաստատած, հյուսիս-հարավ ճանապարհի վրա աշխատող Չինաստանի քաղաքացիների մասին, մարզպետը տեղեկացրեց, որ խնդիր չկա: «Ստուգումներ անցել են, նրանք եղել են ուշադրության կենտրոնում, խնդիր այնտեղ չի առաջացել ու չկա»,-վստահեցրեց Տիգրան Պետրոսյանը:
Այս ընթացքում Բավրայի անցակետում ու «Շիրակ» օդանավակայանում կշարունակվի գործել հսկողության նույն ռեժիմը:
Արմենուհի Մխոյան