Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջ ազգականը, որի մոտ նույնպես հաստատվել է վարակը, Էջմիածնում տաքսի ծառայություն ունի։ NEWS.am-ի տեղեկություններով՝ ընկերության գրասենյակը գտնվում է տղամարդու տան առջեւ՝ 4 հարկանի շենքի առաջին հարկում։
Նախօրեին հատուկ պաշտպանիչ հանդերձանքով աշխատակիցները եկել, ախտահանել են շենքը։
Տաքսի ծառայությունն այսօր էլ աշխատում է։ Մենք զանգահարեցինք տաքսի ծառայության հեռախոսահամարով, մենեջեր ներկայացած անձը խուսափեց մեր հարցերին պատասխանել՝ նշելով, որ ինքը երկու օր է՝ ինչ աշխատում է, որեւէ բանից տեղյակ չէ։ Չպատասխանեց նաև այն հարցին՝ արդյոք աշխատակիցներից որևէ մեկը մեկուսացվել է, թե ոչ։
Նշենք, որ Իտալիայից վերադարձած Էջմիածնեցի կինը մասնակցել էր նշանադրության արարողության՝ առանց իմանալու, որ կորոնավիրուս է կրում։ Նրա մոտ վարակի հայտնաբերումից հետո մեկուսացվել էին նշանդրեքի մասնակիցները։ Դրանից հետո վարակը հաստատվել էր նաեւ կնոջ ամուսնու ու ազգականի մոտ։ Նախօրեին պարզվեց, որ նույն շրջանակից ևս երկու հոգու մոտ է հաստատվել վիրուսի առկայությունը։
Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված է 15 անձ կա, նրանցից մեկի մոտ առկա է թոքաբորբ։