Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում մթերային խանութները չեն փակվի։ Տեղեկությունը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Մթերային խանութների, դեղատների փակ լինելու, երկար ժամանակահատվածի համար առևտուր անելու որևէ խնդիր չկա»,- վստահեցրեց նախարարը։
Իսկ հանրային սննդի օբյեկտների աշխատանքը, Բադասյանի խոսքով, կսահմանափակվի միայն պարետի որոշմամբ։
Ասուլիսին ներկա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտարարեց, որ սննդի հետ կապված խնդիր Հայաստանում չի կարող լինել։
Նրա խոսքով` երկրում կա սննդի ու դեղորայքի բավարար պաշար և խափանումներ չեն լինելու։
«Սահմանային անցակետերում սահմանափակումները չեն վերաբերելու բեռնափոխադրումներին։ Որքան էլ իրավիճակն արտակարգ լինի, մենք այն հաղթահարելու ենք»,- ասաց Թորոսյանը։
Արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացող հնարավոր սոցիալ-տնտեսական խնդիրները ևս Թորոսյանի հավաստմամբ, լինելու են կառավարության ու վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում։