Մարգարիտ Եսայան. «Հարգելի լրագրողներ՝ համբերություն եւ համառություն ձեզ արտակարգ դրության պայմաններում»
Advertisement 1000 x 90

Մարգարիտ Եսայան. «Հարգելի լրագրողներ՝ համբերություն եւ համառություն ձեզ արտակարգ դրության պայմաններում»

Արտակարգ դրության պայմաններում ամենից ավելի լարվածություն կառաջանա ոչ միայն բժիշկների, ոստիկանների, սպասարկման որոշ ոլորտների աշխատանքում, այլ, նաեւ՝ լրագրողների։ Չորրորդ իշխանության համար նախատեսված են շատ խիստ սահմանափակումներ եւ արտակարգ դրության ժամանակ աշխատելը լինելու է տանջալի, ձանձրալի եւ շատ զգոնություն պահանջող։ Դե, ինչ, հարգելի լրագրողներ, բոլորիդ մաղթում եմ անսահման համբերություն, եղեք համբերատար ու պրոֆեսիոնալ․․․Այս պահից սկսած եւ միշտ դուք եք հասարկությանը լրատվություն փոխանցելու միակ արդար աղբյուրը․․․ Համբերություն եւ լրջություն բոլորիս, կանցնի, սա էլ կանցնի։

Հարկ է լինել համախմբված, միասնական եւ ազնիվ։

Պարզապես հիշեցնեմ, թե ինչ պիտի անեք եւ ինչ պիտի չանեք արտակարգ դրության պայմաններում։

«Կառավարության որոշման «Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներ» անվանված գլխի 23-ից 26 կետերում նշվում է․

23․ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:

24. Սույն կարգի 23-րդ կետերով սահմանված հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն:

25. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

26.Սույն գլխով սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»:

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր