Չգիտեմ, չնայած մարդկային զոհերին, սառած հանրային կյանքին, ահռելի տնտեսական վնասին, մեծ վնասներով փոշիացող սեփական բիզնեսին, կենցաղային անհարմարություններին, ես մեկ է մի տեսակ ներքին զգացողություն ունեմ, որ այս ամենը ընդհանուր առմամբ ավելի մեծ դրական էֆեկտ է ունենալու՝
— Գլոբալ ճգնաժամերի ընթացքում գոյատևելու համար մարդկության միասնականության անհրաժեշտության գիտակցումը, որ հուսով եմ կնպաստի մեզ բաժանող միֆական ու պատմական բաժանարարաների վերացմանը հետագայում, հակամարտությունների վրա վատնվող ահռելի ռեսուրսների ու ջանքերի կրճատման հանգեցնելով։
— Կյանքի փխրունության ու մահվան յուրաքանչյուրիս այսքան մոտ լինելու գիտակցումը կազատագրի սպառողական ձանձրույթի տակ ննջացող մեր կենսական ուժերը՝ դրդելով լինել ավելի ստեղծագործ, ավելի կենսախինդ, առօրյա փոքրիկ ուրախությունները նկատող, ամեն ապրած օրվա համար ուրախացող ու շնորհակալ։
— Բնության կողմից պարտադրված հարգանք բոլոր կենդանի արարածների հանդեպ, մեր վայրենի նախնիների թողած ավանդույթին տուրք տալով չուտել վայրի կենդանիներին, որս չանել, չսպառել վայրի բնության վերջին օազիսները, առհասարակ վերանայել նախնիների բոլոր կասկածելի ավանդները, գիտակցել կյանքի ծառի վրա բոլոր արարածների փոխկապվածությունն ու անփոխարինելիությունը։
— Անիմաստ ապրանքներ ու ծառայություններ կուրորեն առնելու, սպառելու ու կուտակելու փոխարեն կատարել գիտակցված ընտրություն անհրաժեշտի ու ավելորդի, իմաստավորի ու երկրորդականի միջև, ներդրում անել սեփական հմտությունների, գիտելիքների, առողջության, սոցիալական կապերի, կյանքի լիարժեք զգացողության վրա և ոչ միֆական բաների, որ ոչ մի լրացուցիչ ասպեկտ չեն ավելացնում մեր ապրածի բովանդակությանը։
— Մեր ընտանիքում, մեր փոքր համայնքում, մեր շրջանում էներգետիկ, տնտեսական, պարենային, մշակութային, հոգևոր և մնացած բոլոր իմաստներով տանելի ու ինքնաբավ կյանքի կազմակերպման անհրաժեշտությունը, տան ու տանը տեր լինելու, տեր ու սեփական կենսամիջավայրի ու իրար հանդեպ հոգատար լինելու անհրաժեշտությունը։
— Մարդկությունը երաշխավորված չէ ապագա աղետներից՝ երկնաքար, գլոբալ տաքացքում, հրաբուխներ, այլմոլորակայիններ, քվազարների պայթյուններ՝ ինչ ասես, մենք պետք է գործարկենք միասնաբար գոյատևելու մեխանիզմները, սա էվոլյուցիոն հաջորդ աստիճանն է, որ պետք է նվաճի քաղաքակրթությունը։
Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից: