ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նկատի ունենալով երկրում արտակարգ դրությունը, այդ ընթացքում կրթական հաստատություններում դասերի` միայն հեռավար եղանակով անցկացումը, սերտորեն կհամագործակցի Պաշտպանության նախարարության հետ` ավարտական դասարանների աշակերտների ավարտելու գործընթացը պատշաճ կերպով իրականացնելու և զորահավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար: Այս մասին ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է լուծվելու ամառային զորակոչին բանակ գնացող ավարտական դասարանների աշակերտների հարցը, արդյոք նրանք կկարողանան ընդունելության քննություններին մասնակցել, նոր մեկնել ծառայության:
«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի զորահավաքային գործընթացները չվտանգվեն: Բնականաբար, պետք է սերտ համագործակցենք Պաշտպանության նախարարության հետ` հատկապես ավարտական դասարանների գործընթացները պատշաճ կերպով իրականացնելու և զորահավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար: Առանց ՊՆ-ի հետ համագործակցելու չենք կարող»,-ասաց Հարությունյանը:
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, արձագանքելով հարցին, նկատեց, որ հարցը միջգերատեսչական տիրույթում է, և պետք է այս ընթացքում սերտ քննարկումներ ունենան նաև ՊՆ-ի հետ: «Եվ կախված ընթացիկ իրավիճակից, որ կունենանք հեռավար ուսուցման գործընթացի ծավալման և հանրակրթության մասնասկիցների ներգրավման աստիճանի հետ, կկայացնենք նաև այդ որոշումները»,-ասաց նա:
Փոխնախարարը նաև նկատեց, որ ավարտական դասարանների ծանրաբենվածությունը հատկապես երկրորդ կիսամյակում ամենաթեթևն է: «Եվ այդ տեսանկյունից գտնվում ենք մի փոքր ավելի բարենպաստ իրավիճակում, քան մնացած ամբողջ ուսումնական պրոցեսի տեսանկյունից, երբ ունենք ավելի մեծ հնարավորություններ` խտացնելու այդ ուսումնական ծավալը»,-նշեց նա:
Նախարար Արայիկ Հարությունյանը նաև հայտնել էր, որ ուսումնական տարվա երկարաձգումը, ինչպես նաև ավարտական քննությունների հետաձգումը կարող է կախված լինել հեռավար ուսուցումից, պետք է հասկանան, թե ուսուցիչներն ու դպրոցներն ինչ ծավալով դրանք կիրականացնեն։ «Եթե տեսնենք, որ այն ամբողջական է, ըստ այդմ կկարողանանք եզրակացություններ անել և ասել՝ արդյոք լրացուցիչ դասերի կամ ուսումնական տարվա երկարաձգման կարիք կլինի՞, թե ոչ»,-նշել էր Հարությունյանը: