Էջմիածինն այլևս ռիսկի գոտի չէ. քաղաքի մուտքերը կբացվեն. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Էջմիածինն այլևս ռիսկի գոտի չէ. քաղաքի մուտքերը կբացվեն. armeniasputnik.am

Էջմիածին քաղաքի մուտքերը կբացվեն, հայտարարված կարանտինը կվերացվի։ Նման որոշում է կայացրել ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է՝  հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել»,- նշված է որոշման մեջ։

Միաժամանակ, Էջմիածնի բնակիչներին կոչ է արվում խստագույնս պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները և ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն ու գիտակցություն։ Չմասնակցել ու չկազմակերպել բազմամարդ միջոցառումներ ու հավաքներ, գրիպանման ախտանշանների դեպքում ինքնամեկուսանալ, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմել բժշկի կամ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Էջմիածնի 27 ելքից կգործեն միայն երեքը: Իսկ քաղաքից դուրս եկող բոլոր անձինք կջերմաչափվեն ու անհրաժեշտության դեպքում կմեկուսացվեն։

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 84 դեպք է գրանցվել։

ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով համապատասխան մասնագիտական միջոցներով մարտի 14–ից ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։

Ախտահանումն իրականացվում է ամեն օր, հերթափոխից հետո։

Հանրապետությունում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված:

armeniasputnik.am