ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի տեղեկացմամբ՝ ներկայումս «Վերին Լարսի» անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատանքներ է կատարում ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար։ Տարվող աշխատանքները տեղում համակարգելու համար անցակետ է ժամանել ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը։
«Հայտնում ենք, որ քաղաքացիների մի մասը, անսալով գլխավոր հյուպատոսի հորդորին, արդեն իսկ նախընտրել է օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու տարբերակը»,- նշված է արտգործնախարարության Facebook-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ։
Բանակցություններ են տարվում վրաց գործընկերների հետ խնդրի հնարավոր լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ:
Նաղդալյանը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին սթափ գնահատել ներկա իրավիճակը, վստահել միայն պաշտոնական լրահոսին և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող տեղեկատվությանը: