ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առցանց իրականացվող ծրագրերը
Advertisement 1000 x 90

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առցանց իրականացվող ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է  գործող թանգարանների և գրադարանների հետ առցանց իրականացվող ծրագրերը, որոնց նպատակն արտաքին աշխարհի հետ շփումը ժամանակավորապես դադարեցրած անձանց  ինտելեկտուալ  ժամանցի  կազմակերպումն է: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 7-րդ կետով հաստատված հավելվածի 4-րդ գլխով սահմանված պահանջների՝ Պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Նույն կետի համաձայն՝ հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող նաև հետևյալ միջոցառումները՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները:

Ուստի, ելնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև սահմանված արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտը, քաղաքացիների մշակութային կյանքի իրացումը և ժամանցի ապահովումը կիրականացնի հեռավար ձևաչափով՝ առցանց տիրույթում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, գրադարանները, համերգային և թատերական կազմակերպություններն իրենց  ֆեյսբուքյան էջով կամ կայքով իրականացնում են տարբեր ծրագրեր, որոնց նպատակն արտաքին աշխարհի հետ շփումը ժամանակավորապես դադարեցրած անձանց  ինտելեկտուալ  ժամանցի  կազմակերպումն է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և գրադարանների հետ իրականացվում է՝

  1. «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը: Այն իրենից ենթադրում է  սոցիալական ցանցերում մի շարք կրթամշակութային ծրագրերի կազմակերպում և իրականացում՝ հրավերներն ուղղելով հնարավոր բոլոր խմբերին, այդ թվում՝ ուսումնական հաստատություններին, մշակութային, տեղեկատու հարթակներին, անհատներին: Թանգարանների և գրադարանների առաջարկի ցանկում ընդգրկված են ընթերցանություն, հեքիաթապատում, նկարչական, գրական, երաժշտական, անիմացիոն, խաղեր, մանկապատանեկան մրցույթներ, ճանաչողական ֆիլմեր, պրեմիերաներ, ցուցահանդեսներ և առցանց այլ ծրագրեր:

Ծրագրերին ծանոթանալու և մասնակցելու համար կարող եք այցելել կից հղումով`  https://www.facebook.com/groups/497738774234372/:

  1. Նախարարության ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ մշակվում են մի շարք կրթական-մշակութային, ճանաչողական նախագծեր, մասնավորաբար, մեկնարկելու են՝
  • Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Դասարան+Դասական» նախագծի հեռավար իրականացման տարբերակը, որի շրջանակում կկազմակերպվեն թատրոնի պատմության դասախոսություններ, ներկայացումների քննարկումներ, զրույցներ անվանի դերասանների հետ, կցուցադրվեն թատրոնի՝ հանդիսականին անծանոթ տարածքները,
  • կմեկնարկի «Քո սերնդակիցը» տեղեկատվական հաղորդաշարը, որը պատանիներին կներկայացնի սերնդակից տաղանդավոր երաժիշտ կատարողներին՝ ներկայացնելով աշխատասիրությամբ միջազգային հաջողության հասնելու օրինակներ,
  • առանձին նոր ծրագրով հանդես կգա «Դաս Ա» նախագիծը, որը մշակում է նաև բջջային հավելվածներում առցանց դասերի կազմակերպման ծրագիր, իսկ «Դիջիթըլ Արմ Սիմֆընի» հավելվածում տեղադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները,
  • Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ «Առաջին ալիքը» հեռարձակում է «Չտեսնված կինո» նոր հաղորդաշարը, որը հեռուստադիտողին է ներկայացնում հետխորհրդային արտադրության հայկական ֆիլմերը,
  • Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համագործակցությամբ մշակվում է հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրման ծրագիր՝ ուղղված երեխաներին,
  • Համազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ ընթերցվելու են առակներ, կազմակերպվելու են կարճ քննարկումներ, այնուհետև, առաջարկվելու է տանը, ծնողների հետ շարունակել քննարկումները և նշված հասցեով ուղարկել քննարկումների արդյունքում ձևավորված եզրակացությունները,
  • «Մշակութային կորոնադադար» խորագրով հաղորդաշար, որի ընթացքում նկարահանող խումբը նախարարի ուղեկցությամբ շրջում է մշակութային հաստատությունների՝ հանրությանն անծանոթ վայրերով /Տիկնիկային թատրոն, Ա․Խաչատրյան համերգասրահ, Մատենադարան, Ազգային արխիվ և այլն/,
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված միջոցառումներին նվիրված ֆիլմերի շնորհանդեսներ՝ «Դասարան+Դասական», «Կոմիտասին-150», «Հովհ․Թումանյան-150», «Ֆրեսկո»,
  • Թատերահամերգային կազմակերպությունների բեմադրությունների և համերգների զետեղում կայքերում և սոցցանցերում /Գ․Սունդուկյանի անվան թատրոն, Տիկնիկային թատրոն, Կամերային երաժշտական թատրոն/:
  1. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 661-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրության 19-րդ կետի 20-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 7-րդ կետով հաստատված հավելվածի 4-րդ գլխով սահմանված պահանջները՝ ժամանակավորապես կասեցվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի մարտի 12-ի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ծրագրերի, իրականացնող կազմակերպությունների և հատկացվող գումարների ցանկը հաստատելու մասին» N 322-Ա/2 հրամանի 2-րդ կետով սահմանված պայմանագրերի կնքման գործընթացը, բացառությամբ հետևյալ ծրագրերի՝
  2. «Հայաստանի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման, կատարելագործման և խրախուսման նպատակային ծրագիր»
  3. «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն,
  4. «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» մեկամյա երաժշտական փառատոն,
  5. «ՄԵԿ ԿԱԴՐ» 18-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոն,
  6. «Հոբելյանական աստղերի տեղադրում Ազնավուրի հրապարակում կինոգործիչներ Գրիգորի Մելիք-Ավագյանի 100, Առնոլդ Աղաբաբովի 90, Ռուբեն Գևորգյանցի 75, Հրանտ Մաթևոսյանի 85, Ատոմ Էգոյանի 60-ամյա հոբելյանների առթիվ»,
  7. Երևանի «Ոսկե Ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոն,
  8. «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն 2019,
  9. Յարխուշտայի փառատոն, խորագիրը՝ Զարկֆեստ,
  10. «Սաղսարա» մշակութային, երաժշտական, հետազոտական-վավերագրական նախագիծ,
  11. «ՀՀ ոչ նյութական մշակութային Ժառանգություն կայքէջ»,
  12. Տարազներ Ալավերդու հունական համայնքի երգչախմբի համար,
  13. Միքայէլ Նալբանդեանի գրական ժառանգութիունը (էլեկտրոնային տարբերակ),
  14. «Կյանքը նեոլիթում»:

Վերոնշյալ հրամանի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ սահմանված արտակարգ դրության ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ա. Խզմալյանի և Ն. Խաչատուրյանի կողմից կվերանայվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մարտի 12-ի N 322-Ա/2 հրամանով հաստատված  ծրագրերը և կներկայացվեն դրանց իրականացման նպատակահարմարությունը, ինչպես նաև առաջարկներ՝ ծրագրերի իրականացման ժամկետների և հատկացվող գումարների փոփոխության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: