Երևանի պետական բժշկական համալսարանը մեկ ամսով հետաձգում է ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումը։ Բուհի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջին վճարման ժամկետ է սահմանվում հունիսի 25-ը` մայիսի 25-ի փոխարեն։
Նշվում է նաև, որ արտակարգ դրությամբ պայմանավորված ԵՊԲՀ–ի ուսանողների համար սահմանվել է արձակուրդային շրջան՝ մարտի 16-ից ապրիլի 14-ը
«Արտակարգ իրավիճակի հնարավոր երկարացման դեպքում համալսարանի բոլոր ամբիոնները կանցնեն առցանց ռեժիմով՝ ZOOM հարթակով դասերի անցկացմանը: Ելնելով վերոնշյալից՝ բոլոր ուսանողները պետք է պատրաստ լինեն առցանց դասընթացների՝ ներբեռնելով համապատասխան ծրագիրը zoom.us կայքից»,– նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` ՀՀ կառավարության ու խորհրդարանի որոշմամբ, մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանի տարածքում արտակարգ դրություն է հայտարարված:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու արդեն 160 դեպք է գրանցվել։
Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։
Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։
Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։
Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ: