Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։
Ներկայացնում ենք պարետի նոր որոշումը․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 24- ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» N 16 որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում թույլատրվում է (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում»։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։