«Երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կրկին ակտիվացել են որոշ վայ քարոզիչներ ու կեղծ մարգարեներ, որոնք գուժում են աշխարհի վախճանի և Տիրոջ երկրորդ գալստյան մասին։ Բնականաբար, նման քարոզությունը շատերի մոտ վախ և խուճապ է առաջացնում՝ երբեմն էլ զարկ տալով նրանց վառ երևակայությանը։ Ի՞նչ պետք է իմանա ուղղափառ հավատք ունեցող քրիստոնյան, և ի՞նչ է այս մասին մեզ Սուրբ Գիրքն ասում։
1. Քրիստոնյայի պարտքն է ամեն ժամ պատրաստ լինել երկրորդ գալստյանը, որի մասին խոսում են նաև սուրբ հայրերը, երբ խորհուրդ են տալիս ամեն օրն ապրել, ինչպես վերջին օրը: Տիրոջ երկրորդ գալստյան և դատաստանի մասին մտածումները պիտի խթան հանդիսանան, որ մենք առաջին հերթին մտածենք մեր ապրած կյանքի մասին․ ի՞նչ կյանք ենք վարում, ինչպիսի՞ արժեքներով ենք իմաստավորում կամ փչացնում աստվածապարգև կյանքը: Չէ՞ որ քրիստոնեական վարդապետության տեսանկյունից երկրային և ժամանակավոր այս կյանքը նախապատրաստությունն է երկնային կյանքի:
2. Իրականում քրիստոնյայի համար կարևորը ոչ թե ապրած տարիների քանակն է, այլ որակը: Քանի որ կարող ես երկար ապրել, բայց առանց աստվածճանաչողության ու Աստծո, և հակառակը` կարճ, սակայն իմաստավորված Տիրոջով: Ուստի մենք ամեն ինչ պետք է անենք մյուս կյանքում` հավիտենականում ապրելու համար: Բայց շատերի ապրելակերպը ճիշտ հակառակն է ցույց տալիս` ամեն ինչ անում ենք այս երկրային կյանքն ապրելու համար, որի վկայությունն է նաև ժողովրդական խոսքը. «Մարդ մեկ անգամ է ծնվում, ուստի ամեն ինչ էլ պետք է անի և փորձի»: Ինքներս մեզ հարց տանք` ի՞նչ ենք անում, որ Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակ պարզերես կանգնենք նրա առաջ և հենց Նրանից լսենք այնքան բաղձալի խոսքերը. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ. մտի՛ր քո Տիրոջ ուրախության մեջ» (Մատթ. 25. 21):
3. Տիրոջ երկրորդ գալուստը տարբերվելու է առաջինից: Եթե առաջին գալստյան ժամանակ Հիսուս մարդկության փրկության համար աշխարհ եկավ «ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով խոնարհեցրեց Ինքն իրեն» (Փիլ. 2. 7), ապա երկրորդ գալստյանն արդեն գալու է Իր ամբողջական փառքով և հրեշտակների բյուրավոր բանակների ուղեկցությամբ` նստելու փառքի գահին և դատաստան անելու: Երկրորդ գալստին Հիսուս արդեն գալու է ոչ թե դատապարտվելու մարդկանց կողմից, այլ դատելու նրանց` իբրև արդար Դատավոր, որին հնարավոր չէ կաշառել և խաբել:
4. Դարերի ընթացքում մարդիկ մշտապես սպասել են Տիրոջ երկրորդ գալստյանը, անգամ որոշակի ժամանակներ սահմանել և սխալվել: Թե ե´րբ է լինելու աշխարհի վախճանը, ոչ ոք չգիտե: Այս մասին Հիսուս հստակ ասում է. «Բայց այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտե. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. 24. 36, Մարկ. 13. 32)։ Բայց Ավետարանը նաև պատգամում է մեզ միշտ արթուն լինել և աղոթել. «Զգո´ւյշ եղեք, հսկեցե´ք ու աղոթեցե´ք, քանի որ չգիտեք, թէ ե´րբ է ժամանակը:… Բայց ինչ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում` արթո´ւն կացեք» (Մարկ. 13. 33, 37): Ուստի եթե մեկը խոսում է Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակի մասին, ապա իմացեք, որ շառլատան է։
5. Չնայած ոչ ոք չգիտե երկրորդ գալստյան ստույգ ժամանակի մասին, բայց մեր Տերն Ավետարանում բազմիցս խոսում է դրան նախորդող նշանների մասին: Ահա դրանցից մի քանիսը`
ա. Ավետարանը պիտի քարոզվի բոլոր ազգերին. «Արքայության այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում` ի վկայություն բոլոր հեթանոսների, և ապա պիտի գա վախճանը» (Մատթ. 24. 14):
բ. Կեղծ Քրիստոսներ ու մարգարեներ կհայտնվեն, որոնք Տիրոջ անունով մարդկանց կմոլորեցնեն, մեծամեծ հրաշքներ ու զարմանալի գործեր կկատարեն (տե´ս Մատթ. 24. 5, 24-27, Մարկ. 13. 5-7, 21-22, Ղուկ. 21. 8):
գ. Նեռը` հակաքրիստոսը կամ դերաքրիստոսը պիտի աշխարհ գա: Ս. Գրքում «Նեռ» արտահայտությունը օգտագործվում է երկու իմաստով. նախ` ընդհանրապես այս անունն է տրվում Քրիստոսի հակառակորդներին և քրիստոնյաներին հալածողներին. «Եվ ինչպես լսել եք, Նեռը գալու է, բայց արդեն իսկ եկել են բազում նեռեր, դրանից էլ կարող եք իմանալ, որ վերջին ժամանակն է» (Ա Հովհ. 2. 18): Եվ երկրորդ` կիրառվում է Քրիստոսի այն հակառակորդի դեպքում, որ աշխարհ պիտի գա նախքան աշխարհի վախճանը: Պողոս առաքյալը նրան անվանում է «անօրենության մարդ» (տե´ս Բ Թես. 2. 3-11): Եկեղեցական որոշ հայրեր և մատենագիրներ (Ս. Կյուրեղ Երուսաղեմացի, Եվսեբիոս Կեսարացի, Ս. Եփրեմ Ասորի), հիմնվելով Հայտնության գրքում նշված «գազանի» թվի` 666-ի հունարեն անվանական համարժեքի վրա, այն նույնացնում են Ներոն կայսեր հետ, որը դաժանաբար հալածում էր քրիստոնյաներին: Ս. Գրիգոր Տաթևացին Նեռի թվային հայերեն համարժեքը` ՈԿԶ մեկնաբանում է այսպես. «Ուրանամ կամաւ զԱրարիչն» (ուրանում եմ կամովին Արարչին):
դ. Չարի իշխանությունը պիտի տարածվի. «Եվ անօրենության շատանալուց` շատերի սերը պիտի ցամաքի» (Մատթ. 24. 12): Իսկ Ս. Պողոսը հավելում է. «Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ որ ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմ. 3. 1-5): Այս ամենով հանդերձ, «երբ Մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18. 8):
ե. Ս. Գիրքը հավելում է նաև. «Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր. զգո՛ւյշ եղեք, չխռովվեք, որովհետև պետք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն` թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժեր: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: Այն ժամանակ ձեզ նեղության պիտի մատնեն և պիտի սպանեն ձեզ. և Իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինեք: Եվ այն ժամանակ շատերը պիտի գայթակղվեն և միմյանց պիտի մատնեն ու միմյանց պիտի ատեն» (Մատթ. 24. 4-10): Սա էլ ամենը չէ, քանզի «արեգակը պիտի խավարի, և լուսինն իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորությունները պիտի շարժվեն: Եվ ապա երկնքի վրա Մարդու Որդու նշանը պիտի երևա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով` զորությամբ և բազում փառքով: Եվ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հավաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից` երկնքի ծագերից մինչև մյուս ծագերը» (Մատթ. 24. 29-31): Եկեղեցու հայրերն ավետարանական այս հատվածի «Մարդու Որդու նշան» արտահայտության ներքո հասկացել են փրկարար Խաչը:
զ․ Երկրորդ գալուստը լինելու է հանկարծակի. «Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, Մարդու Որդու գալուստն այնպես կլինի» (Մատթ. 24. 27), «Ինչպես ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, – երբ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, ու նրանք բան չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու վերցրեց բոլորին, – այնպես պիտի լինի Մարդու Որդու գալուստն էլ» (Մատթ. 24. 38-39):
Քրիստոնյաներս ապրում ենք հարության հավատքով, անսահման հույսով և այն վստահությամբ, որ մեր Տիրոջ նման մենք էլ պիտի մեկ օր հարություն առնենք՝ հավիտենականության մեջ վայելելով Աստծո մշտամնա ներկայությունը։ Մեր հույսն Աստված է, որ ամենքիս շատ սիրում է և նախախնամում, ինչպես նաև Նրա պարգևած բանականությունը՝ երկրային կյանքում բարին գործելու և արարելու համար։
Ուստի այս դժվարին օրերին զորացե՛ք հավատքով, հաճախ աղոթեցե՛ք, Ձեր ընտանեկան հարկերը եկեղեցու վերածե՛ք՝ լրջությամբ և պատասխանատվությամբ կատարելով մեզանից պահանջվածը։ Ամեն ինչ լավ է լինելու, բայց պետք է մի քիչ համբերությամբ զինվենք և միասնական լինենք՝ երբեք չկորցնելով լավատեսությունը։ Աստված թող բոլորիս պահապան լինի և հատկապես նրանց, ովքեր այս օրերին նեղության մեջ են, հիվանդ կամ օգնության կարիք ունեն։ Նմանատիպ իրավիճակներում է, որ մենք պետք է ցույց տանք և գործնականում ապացուցենք, որ իսկապես Տիրոջ հավատարիմ զավակներն են ք՝ անսահման սիրով լցված մեր դիմացինի հանդեպ։
Առողջ և զգոն եղե՛ք։
Մնացե՛ք տանը և փրկե՛ք կյանքեր։
Աստված պահապան ամենքիս»։
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան