«Ազատություն» ռադիոկայանը վերջերս անդրադարձել է Սիրիայի պատերազմի հետևանքով տունը կորցրած և Երևանի կաթոլիկ եկեղեցու կեցավայրում հյուրընկալված 51-ամյա Վարդան Բոյաջյանին: Վերջինս, ըստ «Ազատություն»-ի, ընտանիքով նախ Լիբանան, այնուհետև Հայաստան է տեղափոխվել, սակայն աշխատանք չգտնելով, կինը երեխաների հետ վերադարձել է Լիբանան, իսկ Վարդան Բոյաջյանը չի կարողացել մեկնել, քանի որ դեռևս Հալեպում նրա մոտ հայտնաբերված հեպատիտ C հիվանդությունը սրվել է: Վարդան Բոյաջյանը հայտնվել էր անելանելի վիճակում, քանի որ չուներ բարդ հիվանդության բուժման գումարը: Ռադիոկայանին նա ասել էր, որ Հալեպում արյուն է հանձնել վիրավորներին օգնելու համար ու վարակվել այդ ծանր հիվանդությամբ:
Հուսահատ վիճակում հայտնված տղամարդու աղերսը՝ բուժվել և միանալ ընտանիքին, շատերին է հուզել: «Արևելքին» հայտնի դարձավ, որ Վարդան Բոյաջյանի բուժման ամբողջական ծախսերը խոստացել է հոգալ սփյուռքահայ ճանաչված բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, հալեպահայ բարեգործ, Հայ Ավետարանական եկեղեցու անդամ Ջանի Հադադը: Նա առաջարկել է բուժումը կազմակերպել Լիբանանում, որտեղ Վարդանը նաև ընտանիքի կողքին կլինի: Սփյուռքահայ բժիշկը սիրիահայ տղամարդու բուժման հարցերը ստանձնել է «Հալեպ» հասարակական կազմակերպության հետ կապի միջոցով: «Հալեպ» միությունից «Արևելքին» ասացին, որ այս նախաձեռնությունը կապ չունի «Հալեպ հ/կ-ի ծրագրերի հետ, այն անհատական նախաձեռնություն է: