
Կորոնավիրուսի հետ կապված վիճակը բավականին լարված է։ Աճ ենք ունենում։ Այսօր էլ մոտավորապես երեսունհինգ նոր ախտորոշում ենք ունեցել։ Րոպեներ առաջ Facebook-ի ուղիղ եթերում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վիճակը դեռևս համարվում է կառավարելի։
Վարչապետը նշեց, որ կարևոր է այս մեկ շաբաթվա ընթացքում խիստ պահպանել պարետատան սահմանած ռեժիմը, հետևել սահմանափակումներին՝ կորոնավիրուսի տարածումը թույլ չտալու, վիճակը կառավարելի պահելու և մեր առողջապահական համակարգը անհաղթահարելի, անտանելի ծանրաբեռնվածության չենթարկելու համար։
Աշխարհի բոլոր երկրներին վարչապետը կորոնավիրուսի դեմ այս պայքարում հաջողություն մաղթեց։
«Կորոնավիրուսը դարձավ այն փորձաքարը, որ ստիպեց երկրներին առանձին-առանձին գործել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը քննարկի ավելի միասնական գործողություններ մշակելու ծրագիր, քանի որ դրանք ավելի արդյունավետ կարող են լինել։