Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ Մարությանն այս մասին հայտնել է իր «Ֆեյսբուք»-ի էջում:
«Իմ որոշմամբ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ Քանի որ ես պարգեւավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս ` 429.000 դրամ»,-հայտնել է քաղաքապետը:
Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ: Մարությանը բոլորին մաղթել է առողջություն՝ վստահություն հայտնելով, որ միասին հնարավոր է հաղթահարելու ցանկացած դժվարություն:
ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: