Կորոնավիրուսի վարակը բավական արագ տեմպով տարածվում է հատկապես Արարատի մարզում։ Վարակի սկզբնական օջախը եղել է կարի արտադրամասը, որի աշխատողների հիմնական մասը եղել է հենց Արարատի մարզից, ապա վարակը տարբեր անձանց միջոցով տարածվել է մարզի տարբեր համայնքներում։
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով վիճակը հատկապես սրված է Արարատի մարզի Բուրաստան համայնքում, որը երեկվանից արդեն մեկուսացված է։ Ճանապարհային ոստիկանության մեքենաները կանգնած են գյուղ տանող ճանապարհին և հսկում են ելումուտը։
Բուրաստանի համայնքապետ Աշոտ Թարվերդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ գյուղում կարանտին է հայտարարված, բոլորը մեկուսացվել են, ուժեղացված ծառայություն է իրականացվում։
Ի դեպ, գյուղապետն ասաց, որ այս պահին գյուղում պոտենցիալ շատ վարակակիրներ, կասկածվողներ կան, բայց միակ հաստատված դեպքը հենց իր ընտանիքն է։ Ինքը, կինն ու աղջիկը վարակված են կորոնավիրուսով։ Կինն ու աղջիկը իզոլացված են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ իրեն այսօր արդեն տեղափոխել են Արտաշատի հիվանդանոց. «Վարակի արմատները գալիս են առաջնային օջախից՝ կարի արտադրամասից։ Մեր գյուղից մի աղջիկ կարի արտադրամասում աշխատող իր ընկերուհուց, որը Դալար համայնքից է, վարակվել է։ Ապա այդ աղջիկը եկել է իր հորական տուն՝ մեր գյուղ՝ Բուրաստան։ Այդ կինն Էլ մեր բարեկամն է։ Նա ու իր վարակված աղջիկը մարտի 19-ին եկել են մեր տուն ու այդտեղից սկսվել է ամեն ինչ։ Ես, կինս ու աղջիկս վարակակիր ենք, մեզ մոտ հաստատվել է հիվանդությունը»,-ասաց Թարվերդյանը՝ հավելելով, որ հաջորդիվ դեպքերը կշատանան, քանի որ ինքը սկզբնական շրջանում չի իմացել ու շփումներ է ունեցել համայնքի բնակիչների հետ։ «Կարանտինի ժամանակ ես շփվել եմ աշխատողների հետ, բայց բոլորի անուն-ազգանունները տվել եմ, որոնք բոլորը պետք է մեկուսացվեն և ստուգվեն»,- ասաց համայնքապետը։
Նշենք, որ երեկ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացնում էր մարզի վիճակագրությունը, ըստ որի մարտի 29-ի տվյալներով՝ Արարատի մարզում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 85-ի։
Բուրաստանում, ըստ մարզպետի, 1 դեպք էր գրանցվել, սակայն նրա խոսքով Բուրաստանից մի քանի այլ բնակիչներ նույնպես տեղափոխվել են և թեստավորվել են: «Դեռևս սպասում ենք թեստի պատասխաններին, և այնտեղ հնարավոր է՝ շատանան, քանի որ Բուրաստանում ունենք կոնտակտավոր, որը մասնակցել է Արտաշատում մահվան տարելիցի միջոցառման, որտեղ Դալար համայնքից ունեցել ենք արդեն հաստատված վիրուսակիր, ում հետ շփում է եղել, և կարող է այդ միջոցառման ընթացքում բոլոր ներկաների մոտ հաստատվի առաջիկա ժամերին: Այդ շրջանակը պարզված է»,- երեկ ասել էր Գարիկ Սարգսյանը:
Մարզպետի խոսքով՝ վարակի տարածման թեժ կետեր են համարվում Մասիսի տարածաշրջանի համայնքները: Այնտեղ արձանագրված դեպքերը հիմնականում փոխկապակցված են Երևանում գտնվող արտադրամասի հայտնի դեպքի հետ: Այդ արտադրամասում, ըստ մարզպետի, կան մեծ թվով աշխատակիցներ, որոնք Մասիսի և Արտաշատի տարածաշրջանից են: «85 դեպքերից 13-ը Մասիսից են, 9-ը՝ Նոր Խարբերդից, Այնթափում կա 6 դեպք, Հայանիստում՝ 2, Դարակերտում և Արբաթում՝ 1-ական: Արտաշատի տարածաշրջանից մարզկենտրոն Արտաշատում գրանցվել է 3 դեպք, Մխչյան համայնքում՝ 5, Նոր Կյուրին համայնքից՝ 12-ը: Ցանկանում եմ, որ առավել մեծ ուշադրություն դարձնենք Նոր Կյուրին համայնքին, և ուզում եմ կոչով դիմել այդ համայնքի բնակիչներին, քանի որ այն շատ փոքր համայնք է, և այստեղից 12 վարակակիր ունենալը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս մեզ: Կխնդրեմ և կպահանջեմ Նոր Կյուրինի համայնքապետարանից, որ համայնքում պատշաճ իրազեկում իրականացնեն, որպեսզի մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները խստիվ պահպանվեն»,- նշել էր Գարիկ Սարգսյանը: