Հայաստանում կորոնավիրուսով վարակված 532 անձանցից 30–ի բնակության վայրը դեռ պարզված չէ։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը:Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն: Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից»,– գրել է Նիկողոսյանը։
Խոսնակը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի՝ հավելելով, որ տվյալները լիովին հստակեցվելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը.
Երևան` 219
Արագածոտն` 10
Արարատ` 113
Արմավիր` 51
Լոռի` 4
Կոտայք` 88
Շիրակ` 6
Սյունիք` 8
Վայոց ձոր` 1
Տավուշ` 2: