
Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Հաճն համայնքների մի շարք խանութներում վաճառվում է ժամկետանց սննդամթերք: Այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի մասնագետների վերահսկողական շրջայցի արդյունքում Նոր Հաճնի Ա/Ձ Արփինե Հայրապետյանի մթերային խանութում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ «Մեծ տոնական ելակով տորթ», խոզի ֆիլե, քամած մածուն, երշիկ «Բավարական»: Նույն տնտեսավարողին պատկանող դեղատանը հայտնաբերվել է նաև «Նեսթլե» ապրանքանիշի մանկական սնունդ, «Հումանա» ապրանքանիշի քեմոնով սամիթի թեյ, հնդկաձավարի շիլա և «Հիպպ» ապրանքանիշի մրգային պյուրե, որոնց պիտանիության ժամկետը նույնպես ավարտված է եղել:
Նշված արտադրատեսակները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել: