Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Գիշերը Թրամպին էի լսում, մամուլի ասուլիս էր իր ու թիմի հետ` կորոնովիրուսի թեմայով: Մեզ մոտ գիշեր, իրենց մոտ կեսօր:
Ինձ թվում էր, որ պետական համակարգերի ձախողումների մասին ես ամեն ինչ գիտեմ, բայց արի ու տես, որ այս օրերին իմանում ու տեսնում եմ բաներ, որ մտքովս չէր էլ անցել:
Պատկերացրեք մի պետություն, որը աշխարհի ամենահզորն է` 21.5 տրիլիոն ՀՆԱ, մեկ շնչին $65,000-ից ավել, 4.7 տրիլիոն պետական բյուջե, 350 միլիոնից ավել բնակչություն և նորարարական ու ժամանակակից գիտություն: Այսքանով հանդերձ, այս պետությունը ընդհանուր առմամբ 10,000 օդամղիչ սարք չունի (հիվանդանոցներում թոքերը արհեստական սնուցող սարք, որ կարճ վենթիլյատոր են ասում): Ու այս հզոր պետության ղեկավարը մամուլի ասուլիսին նստած պատմում է, որ մի քանի հարյուր հատ ճարեցինք այս նահանգին ուղարկեցնիք, մի քանի հարյուր պահեստավորած ունենք, պետք լինի սրան-նրան կուղարկենք, հիվանդանոցներ կան ուզում են, բայց իրենք դրա կարիքը չունեն: Պատկերացրեք այս վիճակը ու այս երկրի ղեկավարը հիմա ինչով է զբաղված:
Սա ոչ այլ ինչ է քան պետական համակարգի ձախողում, որ ձախողել է իր քաղաքացիների անվտանգությունն ու ապահովությունը:
Եվ սա մենք չենք, մեր մասին շատ ենք ասել, շուտվանից էինք ձախողել, նույնապես էլ շարունակում ենք: Բայց սա հզոր ԱՄՆ-ն է:
Երբ այս սարքի միջին արժեքը ընդամենը 50,000 է, իսկ 10,000 հատ, որ չունեն ընդամենը արժի 500 միլիոն: Ու սա այն դեպքում, երբ ԱՄՆ 2020 բյուջեով ռազմական գծով ծախսերը պլանավորված են 718 միլիարդ:
ԱՄՆ քաղաքացիները լուրջ մտահոգվելու տեղ ունեն: Սա այն պետությունը չէ, որ իրենք արժանի են կամ երազում են: Եվ ես հուսով եմ իրենք, այդ թվում միլիոնից ավել հայեր, ճիշտ հետևություններ կանեն և հաջորդ ընտրություններում ճիշտ ընտրություն կկատարեն: Իսկ դա այստեղ մեզ համար նույնպես կարևոր է»: