Կորոնավիրուսի տարածմամբ ու Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայկական ատոմակայանի ղեկավարությունը ևս ձեռնարկում է հնարավոր միջոցները՝ ԱԷԿ-ի անխափան աշխատանքն ու աշխատակիցների առողջությունը պահպանելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ՀԱԷԿ-ի ղեկավարությունը, ձևավորվել է օպերատիվ շտաբ, որն իրականացնում է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ, կարանտինի ժամանակահատվածում ներդրվել է աշխատանքի և հանգստի հատուկ ռեժիմ, չեղարկվել են բոլոր գործուղումները և զանգվածային միջոցառուները:
«Վիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու գործում մեր հիմնական խնդիրն է սահմանափակել շփումների քանակը։ Կայանի աշխատակիցների մեծամասնությունն անցել է հեռավար աշխատանքի։ Ինչ վերաբերում է արտադրությունում զբաղված մարդկանց, որոնց բացակայությամբ հնարավոր չէ ԱԷԿ-ի անխափան աշխատանքը, ապա ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները նրանց առավելագույն պաշտպանությունն ապահովելու համար», – հայտնում է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը:
Նշենք, որ օրեր առաջ «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծել էր, որ «Ռոսատոմ» ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի նվազեցնի համաճարակային ճգնաժամի ազդեցությունը մատակարարումների շղթայի վրա, իսկ պատվիրատուների առջև ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարվեն ամբողջ ծավալով և ժամկետներում:
Հիշեցնենք, ՀԱԷԿ-ում արտարդվում է Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: