«Ավտոճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացման, ավտոտրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու եւ երթեւեկության կանոնների խստագույն ապահովման համար փոփոխման է ենթարկվել վարորդական իրավունքի ստացման կարգը: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում նոր նախագծով: «ՀՀ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ավտոմոտոսպորտի դպրոցի տնօրեն Արտաշես Ստեփանյանը նշեց, որ փոփոխությունների են ենթարկվել թե՛ տեսական քննության հարցաշարերի քանակը եւ թե ՛ գործնական քննության՝ վարումների վայրերն ու ժամանակահատվածը:
Քաղաքացիների այն մտավախությանը հակադրվելով, թե այսպիսով էլ ավելի է բարդանալու վկայականի ստացման գործընթացը եւ հավելյալ դժվարություններ է ստեղծելու քննական պրոցեսում, նա ասաց՝ դա էլ արվում է այն նպատակով, որպեսզի վկայական ստանան միայն որակյալ վարորդները. «Հայաստանում տարեկան միջինը 300 զոհ ենք ունենում ավտոտրանսպորտային պատահարներից: Այդ պատահարների մի մասն էլ տեղի է ունենում հենց այն վարորդների մեղքով, ովքեր չեն տիրապետում մեքենա վարելու կանոններին: Մի փոքր կդժվարանա վարորդական իրավունքի ստացման կարգը, սակայն համոզված կլինենք, որ ստացողն անվտանգ է վարելու մեքենան: Տարիներ հետո միայն կզգանք այս ամենի դրական արդյունքը: Ճանապարհային ոստիկանությունն էլ պետք է էլ ավելի խստացնի վերահսկողությունը խախտումներն արձանագրելու ուղղությամբ»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: