ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ քննչական ծառայություն է ուղարկել ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնությունների հնարավոր գործադրման վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները և քաղաքացուց ստացված հաղորդումը։
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել մշտադիտարկման արդյունքում արձանագրված ԶԼՄ-ների հրապարակումները, դրանցում ներկայացվող տեսանյութերը ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնությունների հնարավոր գործադրման վերաբերյալ, ինչպես նաև դեպքի կապակցությամբ քաղաքացուց ստացված հաղորդումը և կից փաստաթղթերը:
Բացի այդ, մի քանի քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել նաև Ոստիկանության Սիսիանի բաժին բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ: Այդ մասին հրապարակումներ են եղել նաև մի քանի լրատվամիջոցներում: Դրանք ևս ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ նյութերի նախապատրաստման շրջանակում ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով»,- նշել է Աբրահամյանը։
Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ ապրիլի 7-ին Սիսիանում ոստիկանները բռնություն են գործադրել 3 քաղաքացիների նկատմամբ, ինչի հետևանքով նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ Սիսիան համայնքի երկու բնակիչներ (հորեղբոր տղաներ) 2020 թ. ապրիլի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում Սիսիան-Երևան ավտոճանապարհին գտնվող անցակետում խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, ինչի համար հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին:
Իմանալով վերջիններիս՝ Ոստիկանության բաժին հրավիրվելու մասին՝ ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց են հավաքվել նրանց մտերիմները: Վերջիններս, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելով և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթևեկությունը խոչընդոտելով։
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։