Շիրակի մարզում 3000-3500 անապահով ընտանիք կստանա սննդի փաթեթ
Advertisement 1000 x 90

Շիրակի մարզում 3000-3500 անապահով ընտանիք կստանա սննդի փաթեթ

Շիրակի մարզպետարանը, համակարգելով մի շարք բարեգործական կազմակերպությունների, անհատների ու ընկերությունների հատկացրած օգնությունը, սկսել է օգնության բաշխումը խոցելի խմբերի ընտանիքներին։ Սահմանված կարգով, պարենային ապրանքները պահեստավորվում են, ապա տեսակավորվում և փաթեթավորվում։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ արվել է և շարունակվում է իրականացվել թիրախային բոլոր խմբերին անհրաժեշտ օգնություն հասցնելու համար։

«Մեր աշխատանքը միտված է եղել հնարավորինս արագ և օբյեկտիվ գործիքներ մշակելուն՝ թիրախային խմբերին օգնություն հասցնելու և կրկնությունները բացառելու համար։ Արդեն իսկ համագործակցել ենք միջազգային և տեղի մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ։ Նրանց տրամադրած օգնությունը բաշխվելու է՝ ինչպես հաշվի առնելով նրանց նախանշած թիրախային խմբերը, այնպես էլ՝ մեր կողմից կազմված ցուցակները։ Օրինակ, «IDEA» և «Շառլ Ազնավուր» հիմնադրամները նախապատվությունը տվեցին Բարեկամության այգու բնակիչներին, ամերիկացի բարերարներից մեկը նախընտրեց օգնել Թռչունյան տան ընտանիք վերադարձած երեխաներին, պատգամավորական նախաձեռնություններ կային, որոնք օգնեցին բազմազավակ ընտանիքներին»։

Հաշվի առնելով համավարակի պատճառով խոցելի խմբերի վատթարացող սոցիալական վիճակը՝ Շիրակի մարզպետարանը կարևորում է նաև այն ընտանիքներին աջակցություն տրամադրելը, որոնք տուժել են հատկապես արտակարգ դրության ընթացքում։ Այսպես, USAID-ի «Մի բան անենք» նախաձեռնության տրամադրած 1000 սննդային փաթեթների կեսը մարզպետարանը բաշխել է «Պարենային շտապ օգնություն» ծրագրի հետ համագործակցելով։

«Մեր խնդիրն է աղքատության և գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունեցող մարզի ազգաբնակչությանը պետական լայնածավալ աջակցության ծրագրերի հետ նաև կարիքների հստակ գնահատում իրականացնել և պարենային աջակցություն տրամադրել խոցելի այն խմբերին, որոնք որևէ օգնություն չեն ստացել»։

Պարենային փաթեթները բոլոր ընտանքիների համար նույնն են, աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

Արմենուհի Մխոյան



Նման նյութեր