ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Sputnik Արմենիային հարցին, թե արդյոք ամեն օր առավոտյան պաշտոնապես հրապարակվող վիճակագրությունը 100 տոկոսով ներկայացնում է
Հայաստանում կորոնավիրուսի տարածման իրական մակարդակը, ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման եթե ոչ բոլոր, ապա գոնե դեպքերի զգալի մասը հայտնաբերված է:
«Ամեն օր առավոտ պաշտոնապես հրապարակվող վիճակագրությունը ներկայացնում է այն ամենը, ինչ կա ձեռքի տակ: Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք հայտնաբերել ենք բոլոր դեպքերը, բայց նշանակում է, որ որևէ բան չի թաքցվում հանրությունից: Մենք ունենք էլեկտրոնային համակարգ, որտեղ բոլոր դեպքերն ավտոմատ մուտքագրվում են: Մենք այդ համակարգի թվերը պարզապես ներկայացնում ենք հանրությանը»,- ասաց Թորոսյանը:
Առողջապահության նախարարը նշեց, որ շատ քիչ երկրներ կան, որտեղ նման ճշտությամբ վիճակագրություն է վարվում:
Թորոսյանը ներկայացրեց նաև բուժման մեջ գտնվող խնդրահարույց պացիենտների ներկա վիճակը: Նրա խոսքով` այսօր առավոտվա տվյալներով` ծայրահեղ ծանր վիճակում են 8, ծանր վիճակում՝ 40 պացիենտ: