Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն իր դեմ ներկայացրած մեղադրանքը համարում է կեղծ մատնություն, սուտ ու կեղծիք։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ «լսելով մեկ կամ գուցե մի քանի բանսարկուի»։
«Չկա որևէ մեկը, որ կարող է ասել, որ ինձ՝ Արմեն Ամիրյանին երբևէ գումար է տվել։ Անամոթաբար ցեխ են շպրտում մարդու վրա, թե գողացել ես, յուրացրել ես, իսկ դուք՝ քննչական կոմիտեի հարգելի քննիչներ ձեր կենսագրության մեջ ևս մեկ իբր «բացահայտում» եք ավելացնում։ Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող»,- գրել է նախկին նախարարը։
Նախկին նախարարը նաև հիշեցրել է, որ այսօր Ավագ ուրբաթ է՝ Հիսուսի խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը, նաև Մեծ Պահքի շրջանն է։ Նա շնորհավորել է բոլորին գալիք Սուրբ Զատկի առիթով և խորհուրդ տվել «բանսարկուներին ապաշխարելով մաքրվել»։