«Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի հանգամանքներին։
Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ նախկին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել յուրացման և պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։
«2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանի փոխանցմամբ` քրեական գործը հարուցվել է հիմա, որովհետև դա առանձնացվել է մեկ այլ գործից, որով կինոկենտրոնի հայցի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ռեժիսորի դեմ` հիշատակելով հինգ միլիոն դրամը։ Կինոկենտրոնը ռեժիսորին մեղադրում էր հինգ միլիոնը հափշտակելու մեջ։
«Շուրջ տարի ու կես է, ինչ ընթանում է գործի վարույթը, որի հետ կապված ունեմ շատ լավ նորություններ, բայց հիմա չեմ հայտնի, որովհետև փաստաբանիս հետ պատրաստվում եմ մեծ ասուլիսի։ Հենց այդ գործից էլ առանձնացվել է Արմեն Ամիրյանին առնչվող մասը, և այդ գործով ես ճանաչվել եմ տուժող։ Բավարար փաստեր են ձեռք բերվել, որոնց մասին այժմ չեմ կարող խոսել, քանի որ ընթանում է նախաքննություն։ Քննչական մարմնի տարածած հայտարարությանն ավելացնելու բան չունեմ, միայն նշեմ, որ «Տատիկիս վարսերի» դեմ սկսված ողջ արշավը, որն ընթանում է շուրջ երկուսուկես տարի, սկսվել է հենց այդ դրվագից ու շարունակվեց Նազենի Ղարիբյանի կողմից»,– նշեց ռեժիսորը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am