Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացումը սոցիալական շատ մեծ նշանակություն ունի… Կորոնավիրուսի պատճառով մարդկանց ֆինանսական վիճակն առանց այդ էլ վատացավ, իսկ գազի գնի բարձրացումն էլ ավելի կսրի իրավիճակը…
Հիշեցնեմ, որ ապրիլի 1-ին «Գազպրոմ-Արմենիա»-ն որոշ սպառողներին վաճառվող գազի սակագները վերանայելու հայտով դիմել է ՀԾԿՀ և առաջարկել է այն բարձրացնել 36 տոկոսով… Ոչ մեկի համար նորություն չէ, որ ռուսական «Գազպրոմ» կորպորացիան ՌԴ ԱԳՆ-ին կից կառույց է և պաշտոնական Մոսկվան գազի վաճառքը միջազգային շուկաներում ոչ միայն դիտարկում է որպես զուտ առևտրային գործարք, այլև դիվանագիտական միջոց՝ որի շնորհիվ պատժում կամ խրախուսում է իրենից գազային կախվածության մեջ գտնվող երկրներին… Այդ երկրների թվին է պատկանում նաև Հայաստանը, որի հետ Մոսկվայի հարաբերությունները 2018 թ-ի, այսպես կոչված, «Թավշյա հեղափոխությունից» հետո այնքան էլ հարթ չեն ընթանում, որի պատճառներից մեկն էլ ՌԴ նախագահ Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գործող իշխանությունների վերաբերմունքն է…
Շատերի համար անակնկալ էր, երբ սույն թվականի մարտի 17-ին «Մարտի 1-ի» գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն առողջական խնդիրների պատճառաբանությամբ չներկայացավ հերթական դատական նիստին, որին պետք է ներկայացվեին Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների միջնորդությունը՝ որպեսզի իրենց անձնական երաշխավորությամբ դատարանը ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխի…
Սակայն այդ ժամանակ փազլը դեռ վերջնական չէր դասավորվել և շատերը չէին հասկանում, թե «հիվանդացնելով» Դանիբեկյանին Հայաստանի գործող իշխանություններն ինչ են ցանկանում անել…
Իսկ ապրիլի 1-ի «Գազպրոմ-Արմենիա»-ի գազի գնի բարձրացման հայտից հետո ամեն ինչ պարզ դարձավ… Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար դատարանին դիմած ՀՀ նախկին վարչապետների մեջ է նաև Կարեն Կարապետյանը, ով համարվում է «Գազպրոմ»-ի «մոխրագույն կարդինալը» Հայաստանում և նրանից շատ բան է կախված` հայ-ռուսական գազային բանակցությունների արդյունքում գազի գինը կբարձրանա, թե՝ ոչ… Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ Կարեն Կարապետյանի նման զգույշ մարդը չէր կարող ինքնագործունեությամբ զբաղվել և համապատասխան անձանց հետ համաձայնության միջնորդություն ներկայացնել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար…
Եթե մարտի 17-ի դատական նիստը կայանար և տիկին Դանիբեկյանը մերժեր նաև Կարեն Կարապետյանի միջնորդությունը, ապա շատ ծիծաղելի կլիներ, եթե պաշտոնական Երևանը ակնկալեր, որ «Գազպրոմ»-ի հետ բանակցություններում դրական արդյունքի կհասնի… Պրիմիտիվ գեղջկական ճարպկությամբ աչքի ընկնող Փաշինյանը դատավոր Դանիբեկյանին, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, պետության հաշվին ուղարկելով քթի միջնապատի վիրահատության, փորձում է Քոչարյանի համար Կարապետյանի և մյուսների միջնորդությունը թողնել լուսանցքում՝ առկախված՝ չմերժելով, բայց և չբավարարելով Կարապետյանի միջնորդությունը, սկսել Մոսկվայի հետ գազային բանակցությունները, որից հետո նոր դատավոր Դանիբեկյանին «վերականգնված շնչառությամբ և գեղեցկացած» վերադարձնել դատարան` Բաղրամյան 26-ի հրահանգները կատարելու…
Սակայն Փաշինյանը մի բան հաշվի չի առել. Մոսկվայի համապատասխան կաբինետներում նստած մարդիկ այնդքան էլ միամիտ չեն և ինչպես ժամանակին, ԵԱՏՄ համաժողովի շրջանակում Երևան ժամանած Պուտինին չդիմավորելու համար պարտադրեցին Փաշինյանին երկու անգամ ճանապարհել վերջինիս, այդպես էլ մի բան կձեռնարկեն հիմա…
Հ.Գ. Գլոբալ առումով, որքան հասկանում եմ, Հայաստանի սպառողների համար գազի գինը կախված է իշխանությունների «սրտի» դատավոր Աննա Դանիբեկյանից…
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: