Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ, վեցերորդ ու յոթերորդ ծրագրերով, որոնք սոցիալական աջակցության են, 11 հազար 444 անձի արդեն փոխանցվել է 929 մլն դրամի աջակցություն: Այդ մասին կառավարության ապրիլի 13-ի արտահերթ նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ավելացնելով, որ շահառուների ցուցակը լրացվում է, ընդլայնվել է յոթերորդ միջոցառման շրջանակը, սա վերաբերում էր հղի կանանց: Եվ նախնական շուրջ 3800 շահառուի փոխարեն ակնկալվում է ունենալ ավելի քան 8000 շահառու:
«Յոթերորդ ծրագրով ընդլայնել ենք շահառուների շրջանակը՝ ներառելով նաև այն հղի կանանց, որոնց ամուսինները ոչ միայն ազատվել են աշխատանքից, այլ մինչև նշված ժամանակաշրջանը՝ մարտի 13-30-ը, ընդհանրապես չեն աշխատում: Այսինքն՝ գուցե աշխատանքը կորցրել էին ավելի վաղ, և նաև իրենք չեն աշխատում: Այսինքն՝ սա վերաբերում է աշխատանք չունեցող կանանց և եթե ամուսին ունեն, նաև իրենց ամուսիններին»,- նշեց Բաթոյանը՝ նշելով, որ վաղը վերջնական ցուցակները հրապարակված կլինեն:
Չորրորդ միջոցառումը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցողներին, այս դեպքում գումարները փոխանցված են: Այս պահին կա 964 երեխայի տվյալ, որոնց գումարը հասանելի է բանկերում: Նրանցից ավելի քան 200-ն արդեն ստացել են գումարները:
«Ինչ վերաբերում է ութերորդ և իններորդ միջոցառումներին, ապա աջակցությունը տրամադրվում է դիմումների հիման վրա: Եվ այսօր արդեն դիմումների ընդունելությունը հնարավոր կլինի: Ութերորդ ծրագրով վճարումներն ամենաուշը վաղը առավոտյան 09:30-ից հասանելի կլինեն, իսկ իններորդ ծրագրով երեքից հինգ օրվա ընթացքում որոշում կկայացվի»,- ասաց նա:
Բաթոյանը տեղեկացրեց, որ գործում է երկու թեժ գիծ՝ 114 և 011 300 114 հեռախոսահամարներով: Հինգ օրվա ընթացքում ավելի քան 40 հազար զանգ է ստացվել: