SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում Երևանում հնչած կրակոցների և սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի խումբը դեպքից 1 օր անց այցելել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել էր կրակոցի արդյունքում հրազենային վնասվածք ստացած Երևան քաղաքի Եղբայրության 24 շենքի բնակիչ՝ 35-ամյա Ռուդոլֆ Մելոյանը
։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ վիրավորը հիվանդոցից իր կամքով դուրս է գրվել՝ բժիշկներին հայտնելով, որ ինքը իրեն լավ է զգում ու հետագա բուժումը ցանկանում է անցկացնել տնային պայմաններում, մինչդեռ դեպքի օրը հիվանդանոց այցելած իրավապահներին բժիշկը հատնել է, որ նա ի վիճակր չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիճակը ծանր է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև Mercedes մակնիշի համարանիշը, որով կրակոցներից հետո կասկածյալները հեռացել էին դեպքի վայրից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Մելոյանը իր շրջապատում հայտնի է «Շակալ» մականվամբ, քանի որ նրան ճանաչողները, ովքեր դեպքի վայրում հրաժարվում էին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Իմացանք, որ կրակոցներ է եղել, մտածեցինք՝ թեթև բանա, բայց հետո իմացանք, որ քաղաքացական ավտոյով Ռուդոլֆին տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ ուշ թե շուտ, ինչ-որ մեկը նրա նկատմամբ նման բան էր անելու, քանի որ սաղ թաղն էլ գիտի, թե նրան ինչի համար են «Շակալ» անվանում՝ նկատի ունենալով «Մաուգլի» հայտնի մուլտֆիլմի Շակալի հերոսին։ Եթե լավ տնտղեն, կարան պարզեն, թե ինչն է եղել պատճառը։ Էնքան ջահելների է վատություն արել, որ հաստատ մեկի համբերության բաժակը լցվելու էր ու գուցե հենց էս կրակոցներն էլ համբերության բաժակը լցվելու արդունք է։ Թող ոստիկաններն ու քննիչները լավ տնտղեն, կիմանան դրա անցյալը ու ինչի համար են շատ ջահելներ դրա պատճառով վատ ուղի բռնել»։
Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչ նկատի ունեք՝ զրուցակիցներն ասում էին. «Մենք գիտենք, ոստիկաններն ու քննիչներն էլ ուզենան, րոպեների ընթացքում կիմանան «Շակալի» իսկական կերպարը»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ կրակոցներ էին հնչել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով անհայտ քաղաքացու կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդ, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայրում աշխատել էին ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում աշխատել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ատրճանակից կրակված 9 պարկուճ և 2 գնդակ: Տեղում աշխատել էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել էին ատրճանակից:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել էին՝ վիրավորը Եղբայրության փողոցի բնակիչ, 35-ամյա Ռուդոլֆ Մելոյանն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: