Արդարադատության նախարարությունը, կարևորելով արտակարգ դրության պայմաններում էլեկտրոնային գործիքների կիրառումն ու քաղաքացի-պետական մարմին շփման նվազեցումը, տեղեկացնում է, որ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու համար քաղաքացիները կարող են դիմել նաև էլեկտրոնային եղանակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ էլեկտրոնային եղանակով դիմելու համար հարկավոր է կատարել հետևյալ քայլերը․
- Ներբեռնեք http://moj.am/ կայքի «Գործառույթներ» բաժնի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ենթաբաժնում հայցվող գրանցման դիմումի ձևանմուշը:
- Լրացրեք դիմումը (էլեկտրոնային եղանակով կամ ձեռքով),
- Ստորագրեք,
- Սկանավորեք կամ նկարի տեսքով ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին,
- Դիմումին կցեք նաև անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը (սկանավորված կամ նկարի ձևաչափով՝ գունավոր և ընթեռնելի),
- Դիմումին կցեք նաև այլ անհրաժեշտ փաստաթղթերը, օրինակ ծնունդ կամ մահ գրանցելու համար ծննդի կամ մահվան բժշկական վկայականի քաղվածքի լուսապատճենը (սկանավորված կամ նկարի ձևաչափով),
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի գրանցման վկայականը կամ վկայականի կրկնօրինակը:
«Հայտնում ենք նաև, որ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր վկայականները և տեղեկանքների բնօրինակներն էլեկտրոնային են: Ուղարկված վկայականը կամ տեղեկանքը քաղաքացին կարող է արտատպել և ներկայացնել՝ ըստ պահանջի»,- ասված է հաղորդագրության մեջ: