ՀՀ վարչապետը, ասում են, չափազանց անհանդուրժող է բանակում չծառայածների հանդեպ։ Ճիշտ է՝ այս կառավարության անդամների և առհասարակ` իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունն այս կամ այն կերպ խուսափել է բանակից՝ վարչապետից սկսած, սակայն նրանք իշխանության գալու առաջին օրերին ասացին, որ այսուհետ այս մասով սկսում ենք մաքուր էջից, պետք է բանակում ծառայեն բոլորը։ Անգամ հետ գնացին և մի քանի նախկին պաշտոնյաների զավակների չծառայելու հիմքով գործ հարուցեցին. մասնավորապես՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, Ջերմուկի նախկին քաղաքապետ Աշոտ Արսենյանի և այլոց որդիների վրա։ Իսկ հետո ոչինչ չգտան ու կարծես կարճեցին գործը։
Բայց պարզվում է, որ նոր կառավարությունը բացահայտ խրախուսում է պաշտոնյաների զավակների՝ բանակից խուսափումը։ Ընդ որում, խոսքը ոչ ավել ոչ պակաս՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի մասին է, որը պետք է գոնե պաշտոնն ստանձնելու պատճառով առաջի’նը որդուն ուղարկեր բանակ։
Եվ այսպես՝ գանք սկզբից՝ փորձելով բաց չթողնել ոչ մի փաստ։
2020 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցավ Անդրանիկ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը՝ ՀՊՏՀ-ում։ Այդ ժամանակ նրան հարց հնչեց, թե ինչու չի ծառայել բանակում, որի պատասխանը չկար։ Օրենքը թույլատրում է զինծառայության չգնալ, եթե պաշտպանել ես թեկնածուական ատենախոսություն։ Մարդը պաշտպանել է ու չի գնում։
Բայց ուսումնասիրելով կենսագրությունը՝ ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան մեր ուղղված պաշտոնական հարցմանն ի պատասխան պարզվում է՝
Լևոն Անդրանիկի Քոչարյանը (ծնվ․՝ 01․01․1994թ․), 27․08․2010թ․ ընդունվել է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի բակալավրիատի առկա «Ապահովագրական գործ» մասնագիտության առաջին կուրս՝ անվճար հիմունքներով։ 31․05․2014թ․ ավարտել է և ստացել ֆինանսների բակալավրի ստիճան։
09․06․2014թ․ ընդունվել է ՀՊՏՀ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ դարձյալ անվճար, ավարտել՝ 07․06․2016թ․ և ստացել մագիստրոսի աստիճան։
16․06․2016թ․ ընդունվել է ՀՊՏՀ առկա ուսուցման (անվճար, տարկետման իրավունքով) ասպիրանտուրա «ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ (ֆինանսական հաշվառման ամբիոն)։ Ասպիրանտուրան ավարտելուց երկու ամիս առաջ՝ 17․04․2019թ․․ Լ․Ա․Քոչարյանը, իր դիմումի համաձայն, տեղափոխվել է «Բանկային գործ և ապահովագրություն» ամբիոն։ 2020թ․ փետրվարի 20-ին ՀՊՏՀ թիվ 014 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։
Համաձայն ՀՀ կառավարության 2016թ․ փետրվարի 25-ի N 238-Ն որոշման, ասպիրանտուրայի առկա ձևով ուսուցման տևողությունը չի գերազանցում 3 տարին։ Այսինքն, Լևոն Քոչարյանն ասպիրանտուրայում ուսուցումն ավարտել է 16․06․2019թ․։
Մեր երկրորդ հարցմանն ի պատասխան ԵՊՏՀ-ից ևս հենց այդ թիվը նշեցին՝ Լևոն Անդրանիկի Քոչարյանն ավարտել է ՀՊՏՀ ասպիրանտուրան 16 հունիսի 2019 թվականին:
Ստացվում է` Լևոն Անդրանիկի Քոչարյանը 2019թ․ հունիսի 16-ից մինչ 2020 թվականի փետրվարի 20-ը, այսինքն՝ ասպիրանտուրան ավարտելուց հետո շուրջ 8 ամիս շարունակ եղել է զինապարտ․ այդ ընթացքում երկու անգամ տեղի է ունեցել զորակոչ․ մեկը՝ ամառային զորակոչը,հայտարարվել է 2019 թվականի մայիսի 16-ին, որի համաձայն՝ պետք է մայիս-հուլիս ամիսներին զորակոչվեին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Այսինքն՝ պետք է զորակոչվեր նաև Լևոն Անդրանիկի Քոչարյանը, քանի որ ուսման հիմքով նրան տրված տարկետումն ավարտվել էր հունիսի 16-ին, և ինչպես հայտնի է նա դեռ չէր պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը։
Այնուհետ տեղի է ունեցել ձմեռային զորակոչը, որը հայտարարվել է 2019թ․ նոյեմբերի 7-ին։ Սակայն մեր հերոսը բաց է թողել նաև այդ զորակոչը։ Ինչպե՞ս։
Պաշտպանության նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան ընդամենը նշեց հետևյալը․ «Լևոն Անդրանիկի Քոչարյանը օրենքով սահմանված կարգով ստացել է տարկետում պարտադիր զինծառայության զորակոչից՝ մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։
Քաղաքացու կողմից պարտադիր զինվորակն ծառայության զորակոչից տարկետման՝ առողջական, ընտանեկան և ուսումը շարունակելու հիմքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»։
Ամբողջությամբ՝ yerevan.today