Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքով մահացած երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց. կա վիրավոր. հայտնաբերվել են կրակված պարկուճներ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքով մահացած երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց. կա վիրավոր. հայտնաբերվել են կրակված պարկուճներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մահացած վիճակում մի երիտասարդ տղայի:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ևս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց: Այս պահին ոստիկանները պարզում են, թե որտեղից են մահացածն ու վիրավորը տեղափոխվել հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք տեղափոխվել են Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցից: Ըստ տեղեկությունների՝ դեպքի վայրում հնչել են նաև կրակոցներ:

Տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժին և ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերել են իրար բախված Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաներ: Lexus-ի կողքն էլ՝ դրսում, հայտնաբերվել են արնանման հետքեր: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը և այս պահին երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև կրակոցի վայրը, որտեղ հայտնաբերվել է կրակված 3 պարկուճ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Ծիածան» մարկետի դիմած անհայտ անձը կրակոցներ է արձակել Lexus մակնիշի 09 MՏ 090 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո դիմել է փախուստի, իսկ Lexus-ն էլ առաջ ընթանալով` բախվել է Ford Transit-ին, Օpel-ին և մեկ այլ Opel մակնիշի ավտոմեքենայի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com