Կորոնավիրուսի, արտակարգ դրության հետևանքով ստեղծված իրավիճակում անշարժ գույքի շուկայում կանխատեսում եմ 30 և ավելի տոկոս գնանկում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Silver REA անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը։
Նրա կանխատեսմամբ՝ արտակարգ դրության ավարտից հետո շուկայում որոշակի ակտիվություն կնկատվի՝ պայմանավորված վերջին 1․5-2 ամիսներին գործարքների բացակայությամբ։ Սակայն, ըստ նրա՝ դրանից հետո տարվա կտրվածքով 30 տոկոսից ավելի գների անկում կլինի անշարժ գույքի շուկայում։
Silver REA անշարժ գույքի գործակալությունը հիմնականում զբաղվում է Արաբկիր, Կենտրոն, Դավթաշեն համայնքներում անշարժ գույքի վաճառքով և վարձակալությամբ։
«Այս տարածքներում պահանջարկի կեսը հետևյալ ձևով էր՝ մարդիկ տունը գնում էին և կամ օրավարձով էին տալիս կամ վարձակալությամբ հանձնում էին տուրիստական կազմակերպությանը։ Տուրիստներ մոտակա ժամանակահատվածում չենք կարող ակնկալել։ Հիմա այն մարդիկ, ովքեր այդ տները գնել էին, որպեսզի վարձով տրամադրեն, նրանք շտապ վաճառքի են դնելու այդ տները, քանի որ փաստացի շուկայում այդքան մեծ քանակի վարձով տան պահանջ այս պահին չկա։ Դրանից սկսելու է իջնել գները։ Հարկադրված վաճառողների թիվը շատանալու է, պահանջարկը՝ քչանալու»,- նշեց նա։
Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ գործակալությունը մոտ 1․5 ամիս է որոշ ժամանակով դադարեցրել է իր գործունեությունը։
Ամբողջությամբ՝ tert.am