
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Նույն օրը ժամը 12։00-ին կհնչեն բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր ժողովրդի զավակներին՝ համավարակի այս դժվարին պայմաններում, նվիրական այս օրը իրենց տներում աղոթակից լինել հոգևոր դասին և միաբան ու միասիրտ հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունը առ Աստված՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի առողջ ու անվտանգ կյանքի և մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած ծանուցման մեջ։