Ի՞նչ է լինելու անգործ մնացած սիրիահայերի հետ
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է լինելու անգործ մնացած սիրիահայերի հետ

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով Հայաստանում բարդ իրավիճակում են հայտնվել սիրիահայերը։ Այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ նրանց գրեթե 85 տոկոսը վարձով է բնակվում, շատերն արհեստավորներ են, որոնք չեն կարողանում աշխատել այս օրերին։

«Դա նրանց համար մեծ բեռ է: Մարդիկ չեն աշխատում, բայց ստիպված են վարձը վճարել։ Հիմա նրանք կանգնած են լուրջ խնդրի առաջ, սակայն այս պահին նրանց համար առանձին ծրագիր չկա»,- ասաց Սինանյանը՝ հավելելով, որ առաջարկ են մշակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնելու համար։

Նրա խոսքով՝ ծրագիրը չի լինի խտրական, այսինքն՝ միայն սիրիահայերի համար, այլ կընդգրկի նրանց, ովքեր, օրինակ, արհեստով են զբաղվում, իրավիճակի հետևանքով աշխատելու հնարավորություն չունեն, բայց ստիպված են բնակարանի վարձը վճարել։

Ասուլիսի ընթացքում Սինանյանն անդրադարձավ նաև այն ծրագրերին, որոնք իրավիճակի պատճառով հավանաբար այս տարի չեն իրականացվի։

Խոսքը «Քայլ դեպի տուն» (նախկին՝ «Արի տուն»), Պատանի առաջնորդների ճամբարի մասին է: Սեպտեմբերին Հայաստանում երեք համաժողով պետք է անցկացվեր, որոնց համար նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ էին։ Սինանյանի խոսքով՝ դրանք առցանց կարվեն։

Սինանյանը կարծում է, որ դրա փոխարեն կկարողանան ընդլայնել «Ի գործ» ծրագիրը՝ սփյուռքից ավելի մեծ թվով հայ մասնագետների Հայաստան բերելու, նրանց ներուժն ու գիտելիքները պետական մարմիններում ծառայեցնելու համար։ Նա ուրախությամբ արձանագրում է՝ ընդամենը 20 տեղի համար գրեթե 750 դիմում-հայտ է ստացվել, դիմողներն էլ աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն ստացած մասնագետներ են։

Հիշեցնենք՝ «Ի գործ»-ին կարող էին դիմել մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան ունեցող մեր հայրենակիցները, որոնք պատրաստ են մեկ տարի շարունակ բնակվել և աշխատել Հայաստանում։

Սինանյանն անդրադարձավ նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում սփյուռքի օգնությանը, որը ոչ միայն նյութական ու ֆինանսական է այս օրերին։ Պարբերաբար նաև վեբինարներ են կազմակերպվում հայաստանցի և սփյուռքահայ բժիշկների մասնակցությամբ, որոնք փորձի փոխանակման հնարավորություն են տալիս։

armeniasputnik.am



Նման նյութեր