COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ հղի կանայք չեն մտնում ռիսկի հատուկ խմբում, եթե, իհարկե, նրանք ուղեկցող հիվանդություններ չունեն: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Լեյլա Ադամյանը:
Մասնագետի խոսքով՝ Ռուսաստանում մոտ 70 հղի կին վարակվել է կորոնավիրուսով: Նրանց մեծ մասը գտնվում է Մոսկվայում, նրանց ինքնազգացողությունը լավ է:
«Հարգելի՛ հղիներ, Աստված Ձեզ պահապան: Աշխարհում քիչ հղիներ կան, որոնք ծանր են տանում կորոնավիրուսը: Իհարկե, եթե նրանք այլ ուղեկցող հիվանդություններ չունեն: Եվ քիչ են մայրերը, որոնք վարակված են կորոնավիրուսով եւ հիվանդ երեխաներ են ծնում»,-ասել է Ադամյանը:
Մասնագետի խոսքով՝ պտղի համար գլխավոր պաշպանությունը մոր առողջությունն է: Վարակման ռիսկը մեծ է հատկապես երկրորդ եւ երրորդ տրիմեստրներում:
Նա հղի կանանց խորհուրդ է տվել զգույշ լինել հատկապես քրոնիկ հիվանդություններ ունենալու դեպքում, օրինակ՝ սրտանոթային հիվանդություններ, շնչառական հիվանդություններ, դիաբետ, հիպերտոնիա եւ այլն:
Մասնագետի խոսքով՝ ամեն դեպքում պետք է պահպանել հիգիենա եւ դրական տրամադրվածություն, ինչպես նաեւ ժամանակին հանձնել անալիզները: