ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը հերքում է «Կենտրոն» սպասարկման գրասենյակի հարակից տարածքում գործող մի իրավաբանական ընկերության աշխատակցի միջոցով գումար աշխատելու մասին ԶԼՄ-ներում տարածված լուրերը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Պետրոսյանը վստահեցրեց, որ ԶԼՄ-ներում տարածված այդ տեղեկությունները ոչ մի կապ չունեն իրենց կառույցի հետ։
«Ծանոթ եմ մամուլում տարածված հրապարակմանը, սակայն այդ տեղեկությունները Կադաստրի կոմիտեի հետ կապ ունեն ընդամենը այնքանով, որ վերաբերում են մի մասնավոր ընկերության, որն իր գործունեությունը ծավալում է Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակի հարակից տարածքում»,- նշեց Պետրոսյանը։
Նա շեշտեց, որ համաձայն Պարետի որոշման`նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում հայտարարված արտակարգ դրության օրերին Կադաստրի կոմիտեի որևէ սպասարկման գրասենյակ, այդ թվում նաև «Կենտրոն» սպասարկման գրասենյակը չեն աշխատում։
«Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակն իր գործունեությունը ծավալում է մասնավոր կազմակերպությունից վարձակալած տարածքում։ Նույն վայրում տարածքներ ունեն վարձակալած նաև մասնավոր այլ տնտեսվարողներ, այդ թվում՝այդ իրավաբանական գրասենյակը, որոնց գործունեության համար Կադաստրի կոմիտեն որևէ պատասխանատվություն չի կրում»,- ասաց Պետրոսյանը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը հայտնեց, որ իրենց կառույցը բոլոր դիմումատուներին հնարավորություն է ընձեռել ցանկացած տեսակի դիմում ներկայացնել e-cadastre.am առցանց հարթակի միջոցով։ Արման Պետրոսյանը շեշտեց, որ քաղաքացիները կարիք չունեն Կադաստրի կոմիտե դիմում ներկայացնելիս օգտվել մասնավոր կազմակերպությունների մատուցած ծառայություններից։