«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակից Էջինի ամեն ելույթից հետո զարմանում եմ, թե ինչպես է նա հայտնվում հաջորդ փուլում: Աղջիկ, ով ունի ամեն ինչ, բացի ձայնից ու երաժշտական լսողությունից, կարողանում է մեկը մյուսի հետևից հաղթահարել երաժշտական մրցույթի փուլերն ու չեմ էլ զարմանա, որ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվի և մեկնի Եվրատեսիլ: Սակայն այստեղ մի տհաճ պահ կա. Էջինը հաջորդ փուլ անցնելով, մրցույթից դուրս է թողնում իսկապես որակյալ ու լուրջ երգիչ-երգչուհիների, ովքեր պրոֆեսիոնալ երաժիշտներ են:
Ամեն հասարակ հեռուստադիտողի համար էլ, իհարկե, հասկանալի է, թե ինչու է Էջինն այդպես «սիրված» ժյուրիի կողմից. Կարծում եմ չկա մեկը, ով աղջկան չնմանեցնի Քիմ Քարդաշյանին ու հատկապես նրա կրտսեր քրոջը՝ Քենդալին: Իսկ մենք էլ լավ գիտենք, որ «Եվրատեսիլը» վաղուց դադարել է երգի մրցույթ լինելուց, հիմա այնտեղ երևի թե ամեն ինչ առաջանային է համարվում, բացի լավ երգից ու երգեցողությունից: Եվ այս ամենը հաշվի առնելով, կարելի է հավատալ, որ Էջինի տարբերակը կարող է աշխատել:
Սակայն մի կարևոր ԲԱՅՑ. Աղջկա հետ աշխատանք է պետք՝ լուրջ, երկարատև, ու մարզիչների համար իսկապես տանջալի աշխատանք: Աղջկա մոտ չկա ո՛չ ձայն, ո՛չ ռիթմի ընկալում, ո՛չ…. մի խոսքով, աշխատեք, և ոչ թե կարծեք, թե միայն Քիմի հետ որոշակի նմանությունն արդեն հերիք է Եվրապային զարմացնելու համար: Մեր ականջներն են տանջվում այդ աղջկա ամեն ելույթի ընթացքում, գոնե եվրապացիներին խղճացեք: