2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 17:30-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վնասվածքներով բուժօգնության է դիմել Լոռու մարզի բնակիչ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Պարզվել է, որ 2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել երկու եղբայրների և նույն գյուղի 42-ամյա բնակչի ու վերջինիս 15-ամյա որդու միջև, որի ժամանակ առաջացած փոխադարձ ծեծկռտուքի ժամանակ անչափահաս տղան իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել համագյուղացի եղբայրներից մեկին՝ նրա առողջությանը առերևույթ դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքերի ձևով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: 15-ամյա տղայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինականուժի մեջ մտած դատավճռով: