Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում Մարալիկի առողջապահական կենտրոնի 20 աշխատակից, այդ թվում` կենտրոնի տնօրենը։ Մեկ բուժքրոջ և մեկ բժշկի մոտ երկկողմանի թոքաբորբ կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հայտնեց Մարալիկի առողջապահական կենտրոնի տնօրեն Անուշիկ Հովսեփյանը։
«Թոքաբորբով հիվանդ բուժքրոջը տեղափոխել են Երևան, նրա մոտ դրական դինամիկա կա, չնայած խրոնիկական հիվանդություն ունի։ Իսկ երկկողմանի թոքաբորբով մյուս բժշկին օրերս կորոնավիրուսի թեստ էին արել, որի արդյունքը բացասական է եղել։ Այսօր նրան կրկին թեստավորել են ու սպասում են թեստի պատասխանին, որպեսզի հասկանան` ինչի հետ գործ ունեն»,–ասաց Հովսեփյանը։
Նրա խոսքով` երբ իրենց առողջապահական կենտրոնի աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի վարակման կասկած է եղել, առաջիններից մեկն ինքն է թեստավորել, ու թեստի արդյունքը դրական է եղել։ Հովսեփյանն իրեն այդ օրերին լավ չի զգացել, թույլ է եղել. հենց այս ախտանշաններն են ունեցել նաև մյուս աշխատակիցները։
Կենտրոնի տնօրենն ասում է` երբ 20 հոգանոց անձնակազմին թեստավորել են, ու վարակը հաստատվել է, սթրեսի մեջ են ընկել։ Հարցն այն է, որ այս ընթացում կենտրոնն արտերկրից ժամանած ավելի քան 200 քաղաքացու հսկողություն է իրականացրել, ամեն օր ջերմաչափում են արել նրանց ու զգոն եղել, որպեսզի չվարակվեն։ Սակայն, ինչպես Հովսեփյանն է նշում, վտանգը եկել է այնտեղից, որտեղից չեն սպասել։
«Չէինք մտածում, որ տեղական դեպք կունենանք, այսինքն` մեզ դիմած քաղաքացիների մոտ էլ վարակ կլինի, որն էլ կտարածվի ԲԿ–ում։ Մենք դրսից եկածներից էինք զգուշանում ավելի շատ»,–ասում է կինը։
Նա խոստովանում է` երբ իր մոտ էլ է թեստի արդյունքը դրական եղել, այնքան շփոթված է եղել, որ անգամ չի իմացել` ինչ իրեր վերցնի իր հետ։ Գյումրու ինֆեկցիոնում, նրա խոսքով, բժիշկները շատ ուշադիր են բոլորի հանդեպ և ջանք չեն խնայում իրենց բուժման համար։
Անդրադառնալով Մարալիկի առողջապահական կենտրոնի գործունեությանը` տնօրենը նշեց, որ այն 2 շաբաթով դադարեցրել է իր աշխատանքը։ Սակայն Շտապօգնությունը շարունակում է իր աշխատանքը` Գյումրիի և Արթիկի Շտապօգնության բժիշկների օգնության շնորհիվ, որոնք հերթափոխով փոխարինում են բուժման մեջ գտնվող գործընկերներին։
Մարալիկի առողջապահական կենտրոնի 57-ամյա տնօրենը հորդորում է զգույշ լինել։ Նրա խոսքով` պետք չէ կորոնավիրուսով վարակվել, որ հասկանաս` ինչի հետ գործ ունես։
Արդեն 6 օր Մարալիկի առողջապահական կենտրոնի մեկուսացված բժիշկները դեռ 8 օր էլ Գյումրու ինֆեկցիոնում կմնան, որից հետո նրանց կրկին կթեստավորեն։ Եթե թեստերի արդյունքները բացասական լինեն, նրանք, միևնույն է, դեռ աշխատանքի չեն վերադառնա, քանի որ 14 օր էլ պետք է տանը մեկուսանան։
Հիշեցնենք, որ վերջին 1 օրում Շիրակի մարզում կորոնավիրուսից մահվան երկու դեպք էր գրանցվել` մահացել են 90 և 62–ամյա տղամարդիկ։ 62–ամյա տղամարդը այցելել է Մարալիկի առողջապահական կենտրոն, դեղորայք ստանալու համար դեղատոմս ձեռք բերել, մտել տնօրենի սենյակ։
Նշենք, որ պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ` Շիրակի մարզի երկու բնակավայրերում` Մարալիկում և Ձորակապում, ապրիլի 19–ից 7 օր շարունակ խիստ սահմանափակումներ կգործեն։ Երեկվա դրությամբ` Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված 38 մարդ կար, այդ թվում` Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցները։