Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ երեկոյան ժամը 21։00-ին կնչեն եկեղեցիների զանգերը, որոնց ներքո կմարվեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Մենք քաղաքացիներին կոչ կանենք նաև մարել իրենց բնակարանների լույսերը և բջջային հեռախոսների լույսերի միջոցով պատուհանից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ։ Լուսավառ ոգեկոչման րոպեն կունենա իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդից՝ Կամո Սեյրանյանը և Լիանա Ալեքսանյանը կկատարեն «Արի իմ սոխակ» երգը»,- նշեց Աղաջանյանը։
Աղաջանյանը հայտնեց, որ այդ օրն՝ առավոտյան 08։00-ից սկսած, քաղաքացիները Հայաստանից կարող են հաղորդագրություններ ուղարկել 1915 կարճ համարին և 0037433191500 հեռախոսահամարին արտասահմանից՝ իրենց անվամբ՝ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին։ «Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուների վրա»,- ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին տեղաշարժի սահմանափակման պատճառով ապրիլի 24-ին այցելուների մուտքը փակ կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Լիլիթ Դեմուրյան