Աշխարհում ամենախոշոր գարեջրի փառատոնը (Oktoberfest), որը պետք է Մյունխենում կայանար սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, դարձել է կորոնավիրուսի հերթական «զոհը»:
«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս տարվա նախատեսված փառատոնը չեղարկվում է:
«Սա զգացմունքային առումով ինձ համար դժվար պահ է, քաղաքի համար տնտեսական առումով՝ դժվար իրավիճակ»,-ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշել է Մյունխենի գործադիր մարմնի ղեկավար Դիթեր Ռեիթերը: Նշվում է, որ փառատոնն ունենում է մոտ 6 մլն այցելու: Ֆինանսական հոսքը կազմում է շուրջ 1.3 մլրդ եվրո:
Բավարիայի դաշնային երկրամասի վարչապետ Մարկուս Զյոդերը փառատոնի չեղարկումը պայմանավորել է կորոնավիրուսի տարածման վտանգով՝ հաշվի առնելով սոցիալական հեռավորությունը պահպանելու անհնարինությունը գարեջրի վրաններում, ըմպողների շրջանում:
Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1810 թվականին ապագա թագավոր Լյուդվիգ I-ի ամուսնության առթիվ: 19-րդ դարում այս տոնը չեղարկվել է երկու անգամ՝ կապված խոլերայի հետ: Իր ավանդույթներով փառատոնը վերսկսվել է 1949 թվականին: Ներկայիս չեղարկումը դարձել է վերջին 70 տարվա մեջ առաջին անգամ: