Դիլիջանում հայտնի և մշակույթ ձևավորած «Կճուճ», «Լոշ», «Թավա» ռեստորանների աշխատանքը խաթարվել է կորոնավիրուսով պայմանավորված երկրում և աշխարհում արտակարգ իրավիճակի պատճառով։ Սա հանգեցրել է տուրիստական նախնական ամրագրումների չեղարկման, ինչպես նաև պարտքերի կուտակման, որոնք հավաքագրվել են պասիվ սեզոնի ընթացքում։
«Այս պահին ելնելով երկրի իրավիճակից՝ մենք կանգնած ենք բազում ֆինանսական խնդիրների առջև, որը ինքնուրույն չենք կարողանում լուծել։ Մեր գործունեությունը մարզում է, իսկ մարզը ունի սեզոնայնության խնդիր։ Նոյեմբեր ամսից մեզ մոտ սկսվում է պասիվ սեզոնը, որը տևում է մինչև մարտ-ապրիլ ամիսները։ Այս պարագայում ստացվեց, որ փետրվարից արդեն իսկ մեր տուրիսատական ամրագրումները սկսեցին չեղարկվել, իսկ մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն»,- ասում է «Կճուճ», «Լոշ», «Թավա» ռեստորանների և «Հաղարծնի գաթա» նախագծի թիմի անդամ Ասյա Ավետիսյանը։
Այժմ ռեստորանի էլեկտրաէներգիան և գազը անջատել են, քանի որ կուտակվել է պարտք, ընկերությունը չի կարողանում այլևս վճարումներ կատարել․
«Մինչև ապրիլի 20-ը պետք է վճարենք հարկային պարտավորությունները, որոնք կազմում են 1 միլիոն 800․000 դրամի կարգի։ Այդ գումարի մեջ մտնում է նաև առաջին եռամսյակի շրջանառության հարկը։ Պասիվ սեզոնի արդյունքում կուտակել ենք գործընկերների պարտքացուցակ՝ մոտ 2,5 միլիոնի կարգի։ Տարածքի վարձը չենք կարողացել ամբողջությամբ տալ, իսկ մեր տված գումարով Դիլիջանի 2-3 ընտանիք է ապրում, մեր աշխատակիցներին աշխատավարձ ենք կարողացել տալ մինչև մարտի 15-ի համար, դեռ ունենք որոշակի պարտքեր, բայց դա մեր ամբողջ գումարն էր, որը կարողացել ենք տրամադրել»,- նշում է նա։
Ամբողջությամբ՝ medialab.am