Տնտեսական գործունեության սահմանափակումների մասին որոշումը թարմացվել է, տնտեսական գործունեության մի շարք տեսակներ թույլատրվել են: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ թվարկելով ոլորտները, որտեղ գործունեությունը թույլատրվելու է: Պարետը նշեց, որ ամբողջական ցանկը ներկայացված է gov.am կայքում:
«Որոշակիորեն փոփոխվել է նաև տեղաշարժի սահմանափակումների հետ կապված իրավիճակը՝ մարզային անցակետերը հանվել են: Եվ կարելի է ասել փաստացի բոլոր մարզերում արդեն վիրուսի տարածվածություն ունենք, և այդ ուժերն ավելի կենտրոնացնելու ենք այն հատվածներում, որտեղ իրապես կա վերահսկողության կարիք: Ինչպես նաև, օգտագործելու ենք համայնքային սահմանափակումները, եթե տեսնենք որևէ համայնքում բռնկում է տեղի ունենում: Ինչպես խոստացել էինք, փուլային տարբերակով մենք կամաց-կամաց գնում ենք դեպի բացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավինյանը:
Ըստ նրա, տեղորոշման համակարգերն ավելի էֆեկտիվ են աշխատում այս փուլում: «Այդ համակարգն ամբողջապես տեղափոխվել է ԱԻՆ կառավարման կենտրոն, այնտեղ մասնագետները միասին աշխատում են: Այս փուլում, կարելի է ասել, վիրուսի տարածման տենդենցը դեռևս վերահսկելի է: Եվ եթե նման ձևով շարունակվի, կարծում եմ, մենք կրկին կշարունակենք տնտեսական գործունեության տարբեր տեսակներ բացել»,- նշեց Տիգրան Ավինյանը: