Երեկ՝ ապրիլի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Արման Հ-ն իր վարած Opel մակնիշի 34 NM 341 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել արտակարգ դրության պայմաններում Զովունի-Դավիթաշեն անշարժ հենակետում ծառայություն իրականացնող Ապարան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Մհեր Մ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածն աշխատում է ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաաժնմունքում՝ որպես տեսուչ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: