Ձերբակալվել է Սամվել Ալեքսանյանի աջ ձեռքը՝ «Բոգո»-ն. armtimes.com
Advertisement 1000 x 90

Ձերբակալվել է Սամվել Ալեքսանյանի աջ ձեռքը՝ «Բոգո»-ն. armtimes.com

Նոյեմբերի 30-ին ինքնիրավչության կասկածանքով ձերբակալվել է քաղաքացի Ռուբեն Կոստանյանը: Այս մասին Armtimes.com-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից: Մինչ օրվա ավարտը կորոշվի նրա խափանման միջոցի հարցը, քանի որ կլրանա ձերբակալման 72 ժամը:

Նշենք, որ Ռուբեն Կոստանյանն առավել հայտնի է «Բոգո» մականունով: Վերջինս ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջ ձեռքն է համարվում: Ռուբեն Կոստանյանի որդին էլ ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ Արկադի Համբարձումյանի, աղջկա ամուսինն է:

Ռուբեն Կոստանյանը Ձկնկուլ անվամբ հայտնի Արմեն Իսրայելյանի, որին վերջերս Մոսկվայում սպանեցին, հայրենի Նորագյուղ թաղամասից է:

Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելն է, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին:

Նշված հանցագործությունը պատժվում է տուգանքով՝ 300 000 ՀՀ դրամից 500 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ 400 000-ից 800 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: