Նկարիչների, կույրերի, խուլերի միավորումներին տրվեցին գույքահարկի արտոնություններ
Advertisement 1000 x 90

Նկարիչների, կույրերի, խուլերի միավորումներին տրվեցին գույքահարկի արտոնություններ

Երևան քաղաքի ավագանին ընդունեց Հայաստանի նկարիչների, կույրերի, խուլերի միավորումներին գույքահարկի արտոնություններ սահմանելու որոշումներ։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նմանատիպ որոշում կայացվեց Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստում։

Երևանի ավագանին որոշեց «Հայաստանի նկարիչների միավորում» ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Աբովյան փողոցի հ. 16, Աբովյան փողոցի 16/3 հ. 40 և Աբովյան փողոցի 16/3 հ. 38 հասցեներում գտնվող շինությունների նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն` ազատելով 9 մլն 381 հազար 284 դրամի չափով գույքահարկի վճարումից։

«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, Ավ. Իսահակյան փողոցի 18/3, Ավ. Իսահակյան փողոցի 16 h. 3/3, Ավ. Իսահակյան փողոցի 16 h. 3/2, Ավ. Իսահակյան փողոցի 16ա, Ավ. Իսահակյան փողոցի 16ա h. 28, Ավ. Իսահակյան փողոցի 18, Վարդանանց փողոցի 109 հ. 37 և Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեներում գտնվող շինությունների նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն` ազատելով 3 մլն 244 հազար 259 դրամի չափով գույքահարկի վճարումից։

«Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, Ե. Կողբացի փողոցի 69 և Ե. Կողբացի փողոցի 69/1 հասցեներում գտնվող շինությունների նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն` ազատելով 3 մլն 160 հազար 269 դրամի չափով գույքահարկի վճարումից։

Հետևյալ որոշումները կայացվեցին, քանի որ կազմակերպությունները չունեն ֆինանսական միջոցներ և գտնվում են ֆինանսական ծանր կացության մեջ, ինչի հետևանքով չեն կարողանում կատարել գույքահարկի հարկային պարտավորությունները:

Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այս նախագծերին տվել էր բացասական եզրակացություն, սակայն, չնայած դրան, ավագանու նիստի ժամանակ ձայների մեծամասնությամբ որոշվեց ՀԿ-ների համար սահմանել գույքահարկի արտոնություններ։

Լիլիթ Դեմուրյան



Նման նյութեր