Դեռևս չհաստատված օրենքի անունով նոր գործիքներ սահմանելով Կառավարությունը նպատակ ունի բռնագանձել, վերաբաշխել այն, ինչը կա։ Նման գործողությունները շատ վատ հետևանքներ են ունենալու երկրի, տնտեսության համար։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանում գործող Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ անդրադառնալով Ucom-ի, «Շանգրի լա»-ի նկատմամբ կատարվող գործողություններին։
Հակոբ Ավետիքյանը նկատում է, որ արտակարգ դրության ընթացքում խորհրդարանում անցկացվեց 2 օրինագիծ՝ «Բանկային գաղտնիքի մասին» և «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքները։
«Երբ այդպիսի օրինագծեր են անցկացվում, արդեն նշանակում էր, որ դրանց հետևելու են կոնկրետ գործողություններ, նույնիսկ՝ դեռևս նախագահի կողմից չվավերացված լինելու պարագայում («Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է ԱԺ-ի կողմից, սակայն նախագահը դեռ չի ստորագրել այն – Tert.am)։ Այսինքն, նոր գործիքներ չհաստատված օրենքի անունով՝ բռնագանձելու, բռնություն բանեցնելու, վերաբաշխելու այն, ինչը կա»,- ասաց նա։
Ըստ նրա՝ Ucom-ի, «Մուլտի գրուպ կոնցեռնի», «Շանգրի լա»-ի նկատմամբ կատարվող գործողությունները տեղավորվում են այս տրամաբանության մեջ։
«Ես չգիտեմ ում միջև է բաժանվելու, ովքեր են, ինչ ախորժակներ կան, կարելի է ենթադրություններ անել, բայց չեմ ուզում ենթադրություններով արտահայտվել։ Պարզապես, ի վերջո, դա էլ պետք է լինի, այսինքն, գումարը գանձում ես, հետո օրինականացնում ես այդ ամբողջը, որից հետո մրցույթ կլինի կամ կեղծ մրցույթ, ինչ-որ մարդիկ կլինեն, որ կուզենան։ Այսինքն, այնտեղից գումար կարելի է աշխատել։ Կոպիտ ասած՝ նույն տունը, մեքենան երկու անգամ վաճառելու պրոցեսն է տեղի ունենում շատ մեծ մասշտաբով»,- նշեց Հակոբ Ավետիքյանը։
Ամբողջությամբ՝ tert.am