«Կարինում կատարյալ քաոս էր տիրում». Արշալույս Զուրաբյան
Advertisement 1000 x 90

«Կարինում կատարյալ քաոս էր տիրում». Արշալույս Զուրաբյան

«ԷՍՊԻՍԻ ԲԱՆ

Լենինյան հեղաշրջումից հետո ռուսները հեռացան Արեւմտյան Հայաստանից ու Այսրկովկասից եւ ճակատի պաշտպանության գործը բաժին հասավ հայկական ուժերին, որոնք թեեւ նոր էին կազմավորվում, բայց ռուսների թողած զենքի, զինամթերքի ու սննդամթերքի պահեստներն ահռելի առավելություն էին տալիս պարտված թուրքերի նկատմամբ: Չնայած դրան, 1918 թ. փետրվարին, նախքան թուրքերի վախվորած առաջխաղացումը, Կարինում կատարյալ քաոս էր տիրում: Կային անհամար իշխանություններ, զինված խմբեր ու ինքնակոչ հրամանատարներ, որոնցից էր Տիգրան Աղամալյանը՝ Հայ զինվորական միության նախագահը, որն իր հրամանատարության տակ ուներ 4.600 զինվոր եւ վերահսկում էր զինվորական պահեստները:

Աղամալյանն իր օգնականների հետ զբաղված էր պահեստներում ամբարված զենք-զինամթերքի ու սննդամթերքի վաճառքով: Ընդ որում, դրանք կառքերով տարվում էին թե՛ Թիֆլիս, թե՛ վաճառվում էին թշնամուն: Էրզրումում շատերն էին խոսում, որ 75 արկղ մոսին հրացան՝ վաթսուն հազար փամփուշտներով, Աղամալյանի մարդիկ բացահայտ ծախել են թուրքերին: Ամիրխանյան ազգանունով մեկը վկայում էր, որ անձամբ է լսել Կարինը 20.000 օսմանյան ոսկու դիմաց Վեհիբ փաշային հանձնելու Աղամալյանի պայմանավորվածության մասին։ Գեներալ Օդիշելիձեի հետ համագործակցելով եւ ռուսների թողած պահեստները թալանելով` նա մեծ հարստություն էր դիզել: Միայն Կարնո պահեստներից հայատյաց գեներալին բաժին էր հասել հինգ միլիոն ռուբլի: Ի դեպ, այս Օդիշելիձեն թրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշայի աներձագն էր:

Երբ զորավար Անդրանիկն եկավ Կարին՝ փորձեց իր ձեռքում կենտրոնացնել ամբողջ իշխանությունը, բայց Հակոբ Զավրիեւն ու զինվորական կոմիսար հորջորջված Տիգրան Աղամալյանը խանգարեցին ու արգելք հանդիսացան նրա գործողություններին: Անդրանիկը բացահայտեց մեծ լրտեսական ցանց, որը հեռախոսային կապ էր հաստատել թուրք հրամանատարության հետ, եւ հրամայեց կտրտել բոլոր հեռախոսային գծերը: Տիգրան Աղամալյանին հաջողվեց Վեհիբ փաշայի գործակալ բաքվեցի Սեյիդովին փախցնել Թիֆլիս: Շուտով, իր հետ վերցնելով այն ժամանակվա համար մի մեծ գումար՝ հարյուր հազար ռուբլի (հիսուն հազար դոլար) «ազգային կարիքների համար», Աղամալյանը նույնպես բռնեց Թիֆլիսի ճամփան: Տեղ հասնելուն պես նա հայտարարեց, որ ճանապարհին կառքի միջից փողն ընկել ու կորել է: Շուտով կորան նաեւ նրա հետքերը…

ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝ Տեսարան Կարինից (Էրզրում), 1898 թ.»

Պատմաբան Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր