Միջադեպ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև. Ոստիկանությունն ահազանգ է ստացել
Advertisement 1000 x 90

Միջադեպ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև. Ոստիկանությունն ահազանգ է ստացել

ՀՀ ոստիկանությունը ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի ահազանգը՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի վրա հարձակվելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվույթան վարչությունից։

«Նման բովանդակությամբ ահազանգ ստացել ենք, ոստիկանությունում համապատասխան գործողություն է իրականացվում»,- ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»,- գրել է Բաբաջանյանը։

«Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում իր հերթին տեղադրել է «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի լուսանկարը, որտեղ երևում է Դանիելյանի վնասված և արյունոտված քիթը։

«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,- գրել է Տեր-Նակալյանը։

Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ զբոսնելիս տեսել է «Ադեկվադ» շարժման մի քանի ակտիվիստի, որոնցից մեկը հայհոյանք է հնչեցրել, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։ Սիմոնյանը վնասվածք ունի քիմքի մասում։